ՆԱՏՕ-ի երկրները միասնական են Ռուսաստանին ուղղված պատասխանի հարցում. Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Ուկրաինայի հարցով զրուցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ քննարկել են դաշինքի պատասխանն Ուկրաինայի իրադարձություններին: Բլինկենն այս մասին թվիթերյան իր էջում է գրառում կատարել։
«Ես և ԱՄՆ պաշտպանության նախարարը զրուցել ենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, որպեսզի քննարկենք Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը։ Պետք է քննարկենք նաև Հյուսիսատլանտյան դաշինքի համակարգված պատասխանը»,–գրել է Բլինկենն իր թվիթերյան էջում:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները միասնական են Ռուսաստանին ուղղված պատասխանի և դաշինքի արևելյան եզրն ամրապնդելու հարցում:
Հիշեցնենք` փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։
Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։
Փետրվարի 22–ի ուշ երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք ստեղծված իրավիճակում կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։