Մենք չենք ընդունում և մերժում ենք Ռուսաստանի գործողությունը. Էրդողան

Ռեջեփ Թայիփ Էրդողան . Արխիվային լուսանկար
Անկարայում ավարտվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացվող Անվտանգության խորհրդի նիստը, որից հետո Էրդողանը հանդես է եկել կարճ հայտարարությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի– Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի ընդունում և մերժում է Ռուսաստանի` այսօր վաղ առավոտյան Ուկրաինայի դեմ սկսած գործողությունը։

«Միջազգային իրավունքի այս խախտումը ծանր հարված է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի` իր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար պայքարին, դա ասացի նաև քիչ առաջ Զելենսկու հետ ունեցած զրույցում»,–հայտարարել է Էրդողանը։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան կոչ է անում կողմերին խնդիրը լուծել Մինսկի համաձայնությունների շրջանակներում երկխոսելով։ Ըստ նրա, Թուրքիան անելու է ամեն ինչ Ուկրաինայում ապրողների, այդ թվում` թուրք քաղաքացիների ու թաթարների կյանքի անվտանգությունն ապահովելու նպատակով։
Նշենք, որ Անվտանգության խորհրդի նիստը Թուրքիայում տևել է 1 ժամ 45 րոպե։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Անվտանգության խորհրդի նիստից անմիջապես հետո Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Հիշեցնենք` իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։