ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Իրադրությունը Լուգանսկում շատ լարված է, թեժ մարտեր են ընթանում առաջնագծում, Ուկրաինան ոչ մի կերպ չի հանգստանում և չի ուզում գնալ դիվանագիտական փոխզիջման։ Դոնբասի ժողովուրդն ուկրաինական ազգի դեմ ոչինչ չունի, մինչդեռ Զելենսկին որդեգրել է ֆաշիստական ուղի և կործանում է իր ժողովրդին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Լուգանսկի «Ուրարտու» հայկական մշակութային ընկերության նախագահ Վարդան Հայրապետյանը։
«Հեռուստակադրերն արդեն ցուցադրվել են, թե ինչպես է ուկրաինական զինուժը ռմբահարում Լուգանսկի օբյեկտները, հրետակոծվում են նաև սահմանամերձ գոտիների բնակավայրերը։ Դոնբասի պաշտպանական ուժերն այժմ ազատագրում են այն տարածքները, որոնք գտնվում էին ուկրաինական զինուժի վերահսկողության տակ։ Հրետակոծությունների ինտենսիվությունը մի փոքր թուլացել է, և հույս կա, որ կողմերը կգնան փոխզիջման»,– ասաց Լուգանսկի «Ուրարտու» հայկական մշակութային ընկերության նախագահը։
Հայրապետյանի տեղեկացմամբ` Լուգանսկը գրեթե դատարկ է, քաղաքում բնակչության մոտ 5 տոկոսն է մնացել, կանայք ու երեխաները տարհանվել են, մնացել են 18-ից 55 տարեկան տղամարդիկ, ովքեր ենթակա են մոբիլիզացիայի։ Քաղաքում աշխատում են միայն մթերային խանութներն ու լցակայանները։
«Տեղաբնակ հայերը, որպես կամավորներ, առաջնագծում նույնպես մասնակցում են մարտական գործողություններին` պաշտպանելով իրենց տները, որտեղ ապրում են շատ վաղուց։ Նրանք ունեն պարտավորություններ և երկու հայրենիք` Լուգանսկն ու Հայաստանը։ Տեղի հայերը պաշտպաններին ցուցաբերում են անմիջական աջակցություն` ինչպես ռազմական, այնպես էլ նյութական»,– ասաց Լուգանսկի «Ուրարտու» հայկական մշակութային ընկերության նախագահը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։
Նա վստահեցրել էր, որ Մոսկվան չի ծրագրում օկուպացնել Ուկրաինան, այլ միայն ցանկանում է ապառազմականացնել և դենացիֆիկացնել այն։