Կիևը կոչ է արել ռուսական նավերի համար փակել նեղուցները և սպասում է Թուրքիայի արձագանքին

Ուկրաինան պատրաստ է ապացույցներ ներկայացնել, որ «Ռուսաստանը հարձակվել է ուկրաինական տարածքի վրա»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ուկրաինան պատրաստ է համապատասխան փաստեր ներկայացնել Թուրքիային` ռուսական նավերի համար թուրքական նեղուցները փակելու նպատակով։ Կիևը սպասում է Անկարայի արձագանքին։ Այս մասին հայտարարել Է Անկարայում երկրի դեսպան Վասիլի Բոնդարը:
Ավելի վաղ Բոնդարը հայտարարել էր, որ Կիևն Անկարայից պահանջում է փակել նեղուցները ռուսական նավերի համար:

«Համապատասխան ապացույցներն առ այն, որ Ռուսաստանը հարձակվել է ուկրաինական տարածքի վրա, մենք պատրաստ ենք տրամադրել, այժմ սպասում ենք Անկարայի արձագանքին»,-լրագրողներին ասել է դեսպանը։

Հիշեցնենք` իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։
Նա վստահեցրել էր, որ Մոսկվան չի ծրագրում օկուպացնել Ուկրաինան, այլ միայն ցանկանում է ապառազմականացնել և դենացիֆիկացնել այն։
ՌԴ ՊՆ–ում ընդգծել են, որ Ուկրաինայի տարածքում քաղաքացիական օբյեկտներին որևէ վնաս չի հասցվում, հարվածում են միայն ռազմական ենթակառուցվածքներին, խաղաղ բնակությանը ոչինչ չի սպառնում։