ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի -Sputnik. Հունաստանը Հայաստան է ուղարկել 35 հազար չափաբաժին Moderna-ի արտադրության պատվաստանյութ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։
«Հունաստանի կառավարությունը նվիրել է Հայաստանին 35 հազար չափաբաժին Moderna-ի արտադրության պատվաստանյութ։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Հունաստանին։ Վստահ ենք, որ համավարակի պատճառաով առաջացած ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն բարեկամ երկրների համագործակցությամբ ու երկկողմ աջակցությամբ»,-ընդգծվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ փետրվարի կեսերին Հայաստանը 100 հազար 620 չափաբաժին Pfizer պատվաստանյութ է ստացել։
2020թ.-ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11-ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
2020թ.-ի սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել էր մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։ Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։