ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատվել է աշխատանքից

Արտակ Դավթյան. Արխիվային լուսանկար
Արտակ Դավթյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2021-ի մարտի 22-ին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի, Արտակ Դավթյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից»,-նշված է հրամանագրի տեքստում:
Արտակ Դավթյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2021-ի մարտի 22-ին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին։ Մինչ այդ Դավթյանը ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել էր նաև 2018-ի մայիս- 2020-ի հունիս ժամանակահատվածում։
Հավելենք, որ ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին 2022-ի հունվարին մեղադրանք է առաջադրվել «Անորակ հրթիռների» գործով. ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով` պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք նյութական ծանր հետևանքներ են առաջացրել:
Հոդվածի այս կետով 4-8 տարվա ազատազրկում է նախատեսվում` գույքի բռնագրավումով կամ առանց դրա: