ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. «Արմենիա» ավիաընկերության չվերթերը Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ընթանում են չվացուցակից գրեթե 1 ժամ շեղումով։ Տեղեկությունը հայտնում են ավիաընկերության մամուլի ծառայությունից։
Տեղեկացվում է, որ ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ օդային տարածքները մասնակի փակ են, ինչը պատճառ է դարձել չվերթը այլ, ավելի երկար երթուղով իրականացնելու համար։
Այս պահին Երևան-Մոսկվա ուղղությամբ իրականացվող 930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարա քաղաքի օդանավակայանում ռուսական ավիակարգավարների հրահանգով։
Համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո 930 չվերթը շարունակելու է չվերթը դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։