ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն ավիաընկերություններից առայժմ հայտ չի ստացել Կիև և Կրասնոդար չվերթերը չեղյալ հայտարարելու մասին: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
Ըստ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի՝ Երևանից Կրասնոդար 2 չվերթ է նախատեսված։Pegasus Airlines–ի ինքնաթիռը պետք է թռչի ժամը 19:05-ին, իսկ Azimuth-ը՝ ժամը 23:25-ին, Երևան-Կիևը նախատեսված է ժամը 20:40-ին:
«Ընթացիկ իրադարձությունների տրամաբանությունը վկայում է այն մասին, որ ինքնաթիռները, ամենայն հավանականությամբ, չեն ժամանի Երևան, համապատասխանաբար, հետ էլ չեն թռչի», - ասաց Աղաբեկյանը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2022 թվականի փետրվարի 24-ից Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով Ռուսաստանում մի շարք օդանավակայանների թռիչքներ ժամանակավորապես դադարեցվել են:
Մասնավորապես, ժամանակավորապես դադարեցվել է Ռոստով (Պլատով), Կրասնոդարի (Պաշկովսկի), Անապայի (Վիտյազևո), Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վորոնեժի, Սիմֆերոպոլի օդանավակայանների աշխատանքը: Բացի այդ, փակվել է Ուկրաինայի օդային տարածքը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։