ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով դադարեցվել է «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ-ի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների գործողությունը: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ հրամանի համար հիմք են հանդիսացել լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պայմանների և պահանջների, մասնավորապես՝ պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական տարածքի, լաբորատոր և ուսումնամեթոդական ապահովվածության, ուսումնաարտադրական պրակտիկայի և այլ պահանջների, ինչպես նաև սովորողների՝ նախատեսվող սահմանային տեղերի թվի խախտումները:
Ըստ այդմ` ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի օգոստոսի 27-ի N 308-Ա/Ք հրամանի հիմքով տրված բակալավրի և մագիստրոսի լիցենզիաները:
Համաձայն ԿԳՄՍ նախարարի վերոնշյալ հրամանի` նախարարության լիցենզավորման գործակալությունը, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունը ստացել են հանձնարարական «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ-ի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողների հետագա ուսումնառությունն այլ ուսումնական հաստատություններում կազմակերպելու, սովորողների շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մյուս հրամանով՝ կասեցվել է «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի 2003 թվականի մարտի 17-ի N 148-Ա/Ք հրամանով տրված միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը մինչև խախտման պատճառների վերացումը: Կասեցման որոշումը կայացվել է լիցենզավորման կարգերով սահմանված պարտադիր պայմանների և պահանջների խախտումների հիմքերով: