ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի դեմ։
Այս մասին նա ասել է ամերիկացիներին ուղղված իր ուղերձում՝ կապված Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության հետ։
Նա նաև հավելել է, որ Պուտինի հետ բանակցություններ վարելու պլաններ չունի։ Բայդենի խոսքով՝ ռուս-ամերիկյան հարաբերությունները «լիակատար խզված» վիճակում են։ Բայդենը Պուտինին մեղադրել է Խորհրդային Միությունը վերականգնելու փորձի մեջ։
Փետրվարի 24-ին, վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի Ժողովրդական Հանրապետությունը դիմել է Ռուսաստանին` օգնության խնդրանքով:
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կրելու է Ուկրաինայում իշխող ռեժիմը: Նա կոչ է արել ուկրաինացի զինվորականներին չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը և գնալ տուն:
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ Ռուսաստանի Զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: Նախարարությունում վստահեցրել են, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։