Արթուր Դավթյանն ամփոփել է Շիրակի մարզի դատախազության 2021թ. գործունեությունը

2021թ. ընթացքում Շիրակի մարզում արձանագրվել է նախորդ տարվա համեմատ հանցագործությունների աճ, սակայն նվազել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Գյումրի, որտեղ ամփոփել է Շիրակի մարզի դատախազության` 2021թ. գործունեության արդյունքները։
Շիրակի մարզի դատախազությունում Դավթյանն անցկացրել է խորհրդակցություն՝ 2021թ. ընթացում մարզում հանցավորության դեմ պայքարի, մարզի դատախազության աշխատանքների արդյունքների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը զեկուցել է, որ 2021թ. ընթացքում մարզում արձանագրվել է հանցագործությունների 1324 դեպք, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 65-ով կամ 5,2%-ով: Զուգահեռ 6.5 տոկոսային կետով աճել է նաև հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 67.7%:

50%-ով նվազել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը, ընդ որում, այս բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշն էապես բարելավվել է՝ 2020թ. 53.3 %-ի դիմաց կազմելով 77.8 %: Մարզում արձանագրվել է սպանության 5 և սպանության փորձի 2 դեպք, որոնք բացահայտվել են:

16.9%-ով նվազել են ծանր հանցագործությունները, իսկ միջին ծանրության հանցագործություններն ավելացել են 8.5%-ով։
Գողության դեպքերը նվազել են 15.9%-ով, ընդ որում՝ զգալիորեն՝ 43.1%-ով, նվազել են բնակարանային գողությունները: Մարզի դատախազը դա պայմանավորել է ոստիկանության և ՏԻՄ-երի հետ գործակցությամբ իրականացված զգալի աշխատանքներով։
Ավազակային հարձակում Ակունքում. հանցագործին խանգարել են տուժողի փեսան ու աղջիկը
Արձանագրվել է մարմնական վնասվածքներով ՃՏՊ 229 դեպք, որոնց արդյունքում 316 անձ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Դրանցից 13-ի հետևանքով մահացել է 20 անձ: Մահվան ելքով ՃԵԿ խախտումներն աճել են 62.5%-ով։
ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է քարտեզագրել ՃԵԿ հանցավոր դեպքերը, առանձնացնել մայրուղիների, միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների բոլոր ռիսկային հատվածները, վերլուծել դրանցից յուրաքանչյուրի պատճառները և կոնկրետ առաջարկություններով միջնորդագրեր ներկայացնել իրավասու մարմիններին և հետևել դրանց կատարմանը:

2021թ. ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել է 42 քրեական գործ, որոնցից 4-ը՝ բողոքի քննարկման արդյունքում: Դատախազների հաստատած մեղադրական եզրակացություններով 243 քրեական գործ՝ 309 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան, ինչը շուրջ 15%-ով ավելի է 2020թ. համեմատ:

Նշենք, որ երեկ` փետրվարի 23–ին, Արթուր Դավթյանն ամփոփել էր Երևան քաղաքի դատախազության 2021թ. գործունեության արդյունքները: