ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Առաջիկա ժամերին կտեսնենք ավելի մասշտաբային պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, բայց Վաշինգտոնը ուղիղ մասնակցություն պատերազմին չի ունենալու որևէ ձևով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը` մեկնաբանելով այսօր առավոտյան սկսված ռուս–ուկրաինական պատերազմը։
Սարգսյանը նշեց` մի քանի սցենար կար, թե ինչպես կարող էին իրադարձությունները զարգանալ, սա այդ սցենարներից մեկն էր։ Լարվածությունն Արևմուտքի ու Ռուսաստանի միջև բերում էր հենց սրան, որովհետև երկու կողմի կարմիր գծերը բավականին ընդգծված էին և դրանք ուղղակիորեն հակասության մեջ էին իրար հետ։
Խոսելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունների մասին՝ քաղաքագետ նշեց, որ դրանց ենթատեքստում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն են։ Արդեն պատժամիջոցների մի փաթեթ ստորագրվել է Ռուսաստանի դեմ, ԱՄՆ–ն Լուգանսկում և Դոնեցկում ներդրել է պատժամիջոցներ, համաձայն որի որևէ ներդրում այնտեղ չպետք է արվի. սա առաջին քայլն է.
«Առաջիկա ժամերին, կարծում եմ, ավելի մասշտաբային պատժամիջոցներ կկիրառվեն Ռուսաստանի դեմ, և դրանք կլինեն նաև եվրոպական երկրների կողմից նախաձեռնված»,–ասաց Սուրեն Սարգսյանը։
Պատասխանելով հարցին` որն էր Արևմուտքի ու Ուկրաինայի մեղքը, Սարգսյանը նշեց` մեղքը բոլորինն է, պատերազմը տարբեր կողմերի գործողությունների կամ դրանց տապալման արդյունքում է լինում.
«Ռուսաստանի պահանջների կամ Ռուսաստանի անվտանգության հետ կապված վերպահումների վերաբերյալ ուշադրությունը քիչ էր ԵՄ երկրների կողմից, լուրջ չէին վերաբերվում ՌԴ ՆԱՏՕ–ի ընդլայնման մասով պահանջներին, որովհետև 90-ականների սկզբին ԱՄՆ–ն ՌԴ–ին հավաստիացրել էր, որ ՆԱՏՕ–ն չի ընդլայնվելու դեպի Ռուսաստանի սահմաններ, սակայն վերջին 30 տարիների ընթացքում, ըստ էության, ՆԱՏՕ–ի ընդլայնում էր լինում, որի մասին ՌԴ–ն անընդհատ խոսում էր, բարձրաձայնում էր, ներկայացնում էր, որ դա ուղիղ սպառնալիք է իր համար։Բնական է՝ վերջում պետք է լիներ այն, ինչ այսօր լինում է»,–շեշտեց քաղաքագետը։
Հիշեցնենք` իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։