Առանձնաշնորհյալ հարաբերություններ. Փաշինյանն ուղերձ է հղել Մակրոնին

Ուղերձը նվիրված է հայ–ֆրանսիական հարաբերությունների 30–ամյակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի առանցքային դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների` Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման հարցում, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի երաշխավորմամբ։
Այս մասին հայ–ֆրանսիական հարաբերությունների 30–ամյակին նվիրված իր ուղերձոմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Ֆրանսիան մշտապես ուշադիր և հետամուտ է Հայաստանի կենսական շահերի և հայ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությանը։ Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր հստակ դիրքորոշումները և համերաշխությունը Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում, ինչպես նաև Ձեր վճռական ջանքերն ու հանձնառությունը պատերազմի սանձազերծած աշխարհաքաղաքական և հումանիտար խնդիրներին դիմագրավելու, ներառյալ Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման գործում»,–ասվում է Փաշինյանի ուղերձում:

ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն իրենց 30-ամյակն են թևակոխում կարևոր ձեռքբերումներով, որոնք համատեղ ուժերով շարունակելու են խորանալ և ընդլայնվել` լուսավոր նոր էջեր բացելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների պատմության մեջ։