Տեր-Պետրոսյանը խոսել է 44-օրյայի քննիչ հանձնաժողովի և Հիսուսի արձանի տեղադրման մասին

Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է անում ժամանակավորապես դադարեցնել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների քննությանը պետք է անդրադառնալ ավելի բարենպաստ և հանդարտ իրավիճակում։ Պետրոսյանի մտորումներին այս, ինչպես նաև Հայաստանում Հիսուսի արձանը կանգնեցնելու վերաբերյալ, տեղեկանում ենք ilur.am-ից։

«Որքան սրվում է ներքաղաքական իրավիճակը, այնքան թուլանում են Հայաստանի դիրքերը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, առանց այդ էլ չափազանց բարդ, առաջիկա բանակցություններում։ Այս առումով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծումը ոչ միայն չի նպաստում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափմանը, այլև ընդհակառակը, ավելի է սրում այն` ըստ էության ծառայելով բացառապես մեր հակառակորդների շահերին»,–կարծում է Տեր-Պետրոսյանը;

Ուստի, նա կոչ է անում ժամանակավորապես դադարեցնել այդ հանձնաժողովի գործունեությունը։
Իսկ ինչ վերաբերում է Հիսուս Քրիստոսի արձանի կանգնեցման գաղափարին, ապա, Տեր–Պետրոսյանի խորին համոզմամբ` Հայոց եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը, ըստ արժանվույն գնահատելով ազգային բարերար Գագիկ Ծառուկյանի անժխտելի երախտիքը եկեղեցաշինության գործում, այնուամենայնիվ, պետք է կտրականապես մերժի այդ գաղափարը։
Այն, ըստ Տեր-Պետրոսյանի, հակասում է Հայոց եկեղեցու 1700-ամյա պատմության սրբագործված ավանդույթին։
«Կընդունենք ամենալավը, ամենահզորը». Հիսուսի արձանի ինչ նախագծեր են ներկայացվել Ծառուկյանին