ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ սահմանամերձ 5 մարզերի 81 համայնքների կոմունալ ծախսերի փոխհանտուցման համար ՀՀ պետական բյուջեից կհատկցվի 1 մլրդ 155 մլն դրամ։ Որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։
«Սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար»,– նախագծի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Ըստ նրա` ծրագիրը վերաբերելու է սահմանամերձ բնակավայրերի շուրջ 100 000 բնակիչների։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, որ ծրագրում ընդգրկվել են նաև 2020թ–ից հետո սահմանամերձ դարձած համայնքները։
«Հիմա հանգամանքների բերումով շահառուների թիվն ընդլայնվել է, և մենք ուղղակի լրացնում ենք, որպեսզի սահմանամերձ համայնքներում բնակվող մեր հայրենակիցներին աջակցենք կոմունալ ծախսերի գծով»,– ասաց վարչապետը։
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված աջակցության պետական ծրագրերի համատեքստում։