ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ռուսաստանն ուղղել է սխալը, որով թույլ էր տվել Թուրքիայի մուտքը Հարավային Կովկաս։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
Արամ Սարգսյան
© Sputnik / Zara Mika
Քաղաքական գործիչն այդպես մեկնաբանեց Դաշնակցային փոխգործակցության մասին` Մոսկվայի և Բաքվի ստորագրած հռչակագիրը։ Փաստաթուղթը ստորագրվել է փետրվարի 22-ին Ադրբեջանի նախագահի` Մոսկվա կատարած այցի ժամանակ։
Սարգսյանի խոսքով` Թուրքիան ամրապնդել է իր անմիջական ներկայությունն Ադրբեջանում` այդպիսով վտանգ ստեղծելով ինչպես Հայաստանի համար, այնպես էլ Ռուսաստանի հարավային շրջանների։
«Նման պայմաններում Հայաստանից բարձր դիվանագիտական վարպետություն և վերլուծելու ունակություն է պահանջվում։ Ռուսաստանը սխալ է թույլ տվել, այժմ փորձում է շտկել դա, սակայն պետք է այնպես անել, որ դա տեղի չունենա մեր շահերի հաշվին», – նշեց Սարգսյանը։
Նա կարծում է, որ կան ինչպես արցախյան կարգավորման հետ կապված խնդիրներ, այնպես էլ Հայաստանի ինքիշխանության։ Այս ֆոնին Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները որոշակի վերանայում և թարմացում են պահանջում` հաշվի առնելով տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխությունները։ Մասնավորապես թարմացում են պահանջում 1997 թվականին բարեկամության և փոխօգնության մասին երկու երկրների միջև կնքած «մեծ պայմանագրի» կետերը։
«Անհրաժեշտ է կոնկրետացնել և պարզաբանել` որոնք են երկու դաշնակիցների` պայմանագրում ամրագրված պարտավորությունները։ Նախկինում դա չի արվել, բայց հիմա` 44-օրյա պատերազմից հետո, անհրաժեշտություն է առաջացել։ Այսօր մեզ համար Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության խնդիրները համար մեկ խնդիրն են դարձել»,–հավելեց նա։
Քաղաքական գործիչը համոզված է, որ դաշնակցային պարտավորությունների ճշգրտումն ու ստուգումը թույլ կտար հասկանալ` ինչով են տարբերվում հայ–ռուսական հարաբերությունները ռուս–թուրքական կամ ռուս–ադրբեջանական հարաբերություններից։ Դա թույլ կտար ընդգծել նաև Երևանի և Մոսկվայի միության բոլորովին այլ բնույթը։