Փաշինյանը որոշել է ունենալ անձնական նախարար ՊՆ–ում. ԳՇ պետը կհամարվի նախարարի 1-ին տեղակալ

Նիկոլ Փաշինյւանը, Արտակ Դավթյանն ու Արշակ Կարապետյանը. Արխիվային լուսանկար
Նախագիծն ընդգրկված է կառավարության նիստի այսօրվա օրակարգում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik․ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն այսուհետ կհամարվի ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և հայտնում, որ նման առաջարկությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նախատեսելով փոփոխություն կատարել «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում:

«Տեղեկացանք, որ, որոշման նախագծի համաձայն` նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանել իրավասությունները, ավելացնել ՀՀ անվտանգության խորհրդի կողմից ընդունվող ակտերի շրջանակը՝ պաշտպանության և ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի, տնտեսության գործունեությունը, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառը կարգավորող մի շարք հիմնարար պլաններ ու ծրագրեր ներառելով մեկ ընդհանուր՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում»,–գրում է թերթը:

Նաև հստակեցվում են ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ու ՀՀ պաշտպանության նախարարի ու ԶՈւ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը: Նախագիծն ընդգրկված է կառավարության նիստի այսօրվա օրակարգում: Թերթը գրում է, որ սա արվում է, որ Արտակ Դավթյանի լիազորությունները փոքրացվեն, վերջնարդյունքում մեղադրյալ Դավթյանը հեռացվի պաշտոնից:
«Ու մեծ հաշվով այս փոփոխությունն այն բանի համար է, որ Նիկոլ Փաշինյանը ունենա անձնական նախարար, որը ամբողջությամբ կտիրապետի թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական իրավիճակին՝ ենթարկվելով բացառապես իրեն, այսինքն՝ բանակը կունենա մեկ գլուխ, քանի որ կադրերն առանց այդ էլ շատ չեն»,–գրում է թերթը:
Ըստ փոխնախարարի` Սուրեն Պապիկյանի 21-ամյա նոր օգնականը կյանքի մեծ փորձ կարող է ունենալ
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: