ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի– Sputnik. ՀՀ կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման օրակարգում չկա: Պատասխանելով «Արմենպրեսի» հարցերին` ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Նա նշել է, որ Հայաստանը, բնականաբար, ցանկանում է, որ երկու բարեկամ պետությունների` Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա խնդիրները լուծվեն դիվանագիտական երկխոսության և բանակցությունների միջոցներով` միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա:
«Եվ հուսով ենք, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ լարվածության նվազեցման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար»,–նշել է նա։
Հիշեցնենք` իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։
Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։
Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։