ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Գրեթե 28 տարի առաջ կատարված սպանության գործը կուղարկվի նոր քննության, տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Խոսքը, մասնավորապես, Էջմիածնի բնակիչ, գործարար Էդուարդ Պողոսյանի հոր՝ Մհեր Պողոսյանի մահվան գործի մասին է, որով անցնում է ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը։
Այսպես, Աբրահամյանը հայտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր որոշում է կայացրել բավարարել դատախազի բողոքը, և 1994թ. ապրիլի 16-ին Արմավիրի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում Մհեր Պողոսյանի սպանության գործն ուղարկել դատարան նոր քննության։
Աբրահամյանը հիշեցնում է, որ 1994թ. դեկտեմբերի 19-ին՝ 1 օրվա ընթացքում քննելով Մհեր Պողոսյանի սպանության գործը՝ Աշտարակի շրջանային ժողդատարանը դատավճիռ էր կայացրել, որով Հրանտ Գրիգորյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 259.1-րդ հոդվածի «Բ» կետով նախատեսված հանցագործություն կատարելու (զենքի, զինամթերքի, պայթուցիկ և այլ նյութերի ու առարկաների հետ վարվելու կանոնների խախտման համար)։ Գրիգորյանին դատապարտել էին 1 տարի ժամկետով ազատազրկման:
2018թ. հուլիսին սպանվածի որդին՝ Էդուարդ Պողոսյանը, դիմել էր ոստիկանություն և ասել, որ հորը դիտավորյալ սպանել է Հրանտ Գրիգորյանը, սակայն դեպքի իրական հանգամանանքները խեղաթյուրվել են:
«ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում սկսված նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերված տվյալները վկայում էին, որ Հրանտ Գրիգորյանը 1994թ. ապրիլի 16-ին սպանել է Մհեր Պողոսյանին, սակայն նա դատապարտվել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար։ Նշված հանգամանքը թաքցնելու նպատակով ՀՀ պաշտպանության փոխնախարարի ստորագրությամբ տրվել է գրություն, իբր Պողոսյանը զոհվել է մարտական գործողությունների ժամանակ»,–գրել է Աբրահամյանը։
Նա հավելել է, որ Պողոսյանի անվամբ ՊՆ վարչություններից մեկում կազմվել է անձնական գործ, ապա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից Պողոսյանին հետմահու շնորհվել է Արիության մեդալ:
Ելնելով նախաքննության արդյունքներից՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը 2018թ. դեկտեմբերի 10-ին որոշել էր վարույթ հարուցել: 2019թ. փետրվարի 20-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը գործն ուղարկել էր Վերաքննիչ՝ խնդրելով վերանայել Աշտարակի շրջանային ժողդատարանի 1994թ. դատավիճռը և գործն ուղարկել նոր քննության: Վերաքննիչը բավարարել էր զինդատախազի բողոքը:
Սակայն գործի նախապատրաստական փուլում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն էլ իր հերթին բավարարել է Հրանտ Գրիգորյանի պաշտպանի միջնորդությունը՝ 2021թ. հուլիսի 23-ին որոշում կայացնելով քրգործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Հենց այս որոշումն էլ բողոքարկել էր ՀՀ գլխավոր դատախազը, և Վերաքննիչը բավարարել է բողոքը։
Հիշեցնենք, որ Հրանտ Գրիգորյանը պատգամավոր է ընտրվել 1999-ին` լինելով «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ: Իսկ, ահա, 2003-ից 2014 թվականն արդեն իսկ ՀՀԿ շարքերով է խորհրդարանականների կազմում եղել։