ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի մանդատի ներքո. Մարինա Կալյուրանդ

Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո: Նման վստահություն են հայտնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը հանդիպման ժամանակ, տեղեկանում ենք ԱԳՆ կայքից։
Միրզոյանը կարևորել է հայկական կողմի համար առաջնային նշանակություն ունեցող հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը, որն արտացոլված է համապատասխան բանաձևերում և զեկույցներում: Նա ներկայացրել է 44-օրյա պատերազմի, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը:
Հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում շեշտվել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը:
Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված ընթացիկ զարգացումները:
Հիշեցնենք, որ Կալյուրանդն այսօր հանդիպել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կալյուրանդն ասել էր, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և պահվող քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն։