Կապույտ մզկիթն իրանական արվեստի խորհրդանիշ է. ՀՀ–ում Իրանի դեսպանատան արձագանքը

Կապույտ մզկիթ. Արխիվային լուսանկար
Իրանի դեսպանատունը եռալեզու գրառում է արել թվիթերյան իր էջում` մանրամասնելով, որ Կապույտ մզկիթը ոչ թե ադրբեջանական է, այլ իրանական։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Պատմությամբ հետաքրքրվողները շատ լավ ընկալում են ավելի քան 200-ամյա վաղեմությամբ պարսկական արձանագրություններ ունեցող Կապույտ մզկիթի ճարտարապետության բարձր մշակութային արժեքը և ինքնությունը: Թվիթերյան իր էջում նման գրառում է արել Հայաստանում Իրանի դեսպանությունը։ Եռալեզու` անգլերեն, հայերեն և պարսկերեն գրառումներ են արվել այս թեմայով` նշելով նաև Ադրբեջանում Իրանի դեսպանատանը։
Այսօր «Եվրանեսթի» պատվիրակության կազմում Հայաստան այցելած Ադրբեջանի խորհրդարանի երկու պատգամավորներն այցելել են Երևանի Կապույտ մզկիթ։ Նրանցից մեկը` Թայիր Միրքիշիլին սոցցանցի իր էջում գրել էր, թե որքան հայտնի է` Կապույտ մզկիթը Երևանում պահպանված միակ ադրբեջանական հուշարձանն է։ Նա հավելել էր, թե հավատում է, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքներն անել այդ մզկիթում։
«Մեծ բարեբախտություն է, որ այս պատմական արձանագրությունները պահպանվել են։ Ո՞վ կարող է կարդալ դրանք։ Կապույտ մզկիթն իրանական արվեստի խորհրդանիշ է»,–ասված է ՀՀ–ում Իրանի դեսպանատան գրառման մեջ։
Իրանի դեսպանատունը նշում է նաև, որ Կապույտ մզկիթը վերջին 3 տասնամյակների ընթացքում կրկին սկսել է գործել որպես Հայաստանում բնակվող մահմեդականների աղոթավայր և գրավիչ զբոսաշրջային վայր:
Հիշեցնենք, որ Հուսեյն-Ալի խան Քաջարը մզկիթը կառուցել է 1766 թվականին։ 7000 քմ տարածքով համալիրն ունի ներքին բակ, ծիսական շինություն, գմբեթ և մինարեթ։ Ընդհանուր առմամբ կա 28 սրահ, իսկ հյուսիսային մասում տեղակայված է գրադարանը։
1991 թվականից Իրանը 100 տարի ժամկետով վարձակալել է մզկիթն ու դրա տարածքը։ Մզկիթի սենյակներից մի քանիսը դասարաններ են, որտեղ հայերը պարսկերեն են սովորում, իսկ իրանցիները` հայերեն։