ՌԱԴԻՈ

ՀՀ կառավարությունը պետք է պատրաստվի ՌԴ–ի դեմ պատժամիջոցների հնարավոր բացասական սցենարներին

ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ ազդեցություն կունենան ՌԴ–ի դեմ Արևմուտքի կողմից կիրառվելիք պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա։
Sputnik
Հայաստանը տնտեսական սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ, անդամակցում է ԵԱՏՄ–ին, ՌԴ–ից տարեկան ստանում է 860 միլիոն դոլարի տրանսֆերտներ, ինչը կազմում է դրսից եկող գումարների 40 տոկոսը, հետևաբար Ռուսաստանի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցներն էապես կազդեն նաև հայաստանաբնակների ու հայկական տնտեսության վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Ըստ նրա` եթե ՌԴ–ի տնտեսական զարգացումը դանդաղի և նվազի դեպի ռուսական շուկա արտահանվող հայկական ապրանքների քանակը, ապա արտահանման ծավալների կրճատումը մեզ կդնի ծանր կացության մեջ, հետևաբար մեր կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ռուսական շուկայի գնողականությունը պահպանի։
Պարսյանի խոսքով` եթե պատժամիջոցների ցանկն ընդլայնվի և դրանում ընդգրկվեն նորանոր կազմակերպություններ, ապա այստեղ ռուսական ընկերությունների դուստր կազմակերպություններ համարվող հայկական ընկերությունների վրա մեխանիկորեն կտարածվեն Արևմուտքի պատժամիջոցները։ Դա հաշվի առնելով` ՀՀ կառավարությունը, ԿԲ–ն պետք է պատրաստվեն հնարավոր բացասական սցենարներին։

«Առաջին փուլի պատժամիջոցները որոշակի ազդեցություն կթողնեն Ռուսաստանի միջնաժամկետ և երկարաժամկետ տնտեսական զարգացման վրա։ Ըստ էության` սա բացասական ազդակ է օտարերկրյա ներդրողներին, որոնք նշված պատժամիջոցներից հետո պետք է շատ զգույշ լինեն` հաշվի առնելով այն, որ հնարավոր է` պատժամիջոցներն ավելի խստանան։ Հիմնական կորուստը կլինի «Հյուսիսային հոսք 2»–ին առնչվող ծրագրի սառեցումը, որից ռուսական կողմը կարող էր ստանալ բավականին մեծ օգուտներ, քանի որ գազի գինը միջազգային բորսայում բավականին բարձր է։ Բայց այս հանգամանքը նոր ռիսկեր կստեղծի նաև եվրոպական տնտեսության համար, որովհետև այս ամենի արդյունքում էներգակիրների գներն ավելի կթանկանան»,– ասաց տնտեսագետը։

Պարսյանի կարծիքով`ռուբլու արժեզրկումն այս պայմաններում անխուսափելի է և շատ կարևոր է, թե Ռուսաստանի ԿԲ–ն ինչպիսի քաղաքականություն կվարի, ինչ հաճախականությամբ գումար կներարկի արտարժույթի շուկայում, որովհետև ռուբլու կայունացումը կախված կլինի նման գործողություններից։
Ըստ նրա` ստեղծված իրավիճակն, այդուհանդերձ, դանդաղեցնելու է ռուսական տնտեսության վերականգնումը, ուստի ՌԴ կառավարությունը պետք է գտնի այլընտրանքային լուծումներ։
Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ կառավարությունը փորձելու է մեղմել ՌԴ–ի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների հետևանքները Հայաստանի տնտեսության վրա։
Հիշեցնենք` իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։
Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։
Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։
Երեկ` փետրվարի 22–ի ուշ երեկոյան, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք ստեղծված իրավիճակում կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։