Գորիս–Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետի հետևանքով ՀՀ–ԻԻՀ առևտուրը կրճատվել է

Գորիս–Կապան ավտոճանապարհ. Արխիվային լուսանկար
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողներին հայտնել է, որ 2021-ին նախատեսված է եղել ավելի մեծ աճ, քան իրականում տեղի է ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Գորիս–Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետի տեղադրման ու այլընտրանքային ավտոճանապարհի անմատչելիության հետևանքով Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը կրճատվել է։
Այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Կրճատվել է ոչ թե 2020–ի համեմատ, որովհետև 2021-ին մենք 2020–ի համեմատ Իրանի հետ առևտրաշրջանառության 25 տոկոսանոց աճ ենք ունեցել և հասել ենք 500 մլն դոլարի սահմանաչափի։ Բայց այս աճն անհամեմատ ավելի քիչ է եղել, քան մենք պլանավորել էինք։ Այնպես որ ասել` կրճատվել է, ճիշտ չէ, պետք է ասել` քիչ է աճել»,– ասաց Քերոբյանը։

Նշենք, որ 2022թ–ի հունվարի 19 –ին ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողներին ասել էր, որ Գորիս–Կապան ավտոճանապարհին ստեղծված իրավիճակից Հայաստանը տնտեսապես չի տուժել։
Ադրբեջանին տուրք է վճարում իրանցի վարորդների մոտ 5%–ը. Գորիս-Կապան ճանապարհի ճակատագիրը
Հիշեցնենք` Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին 2021–ի նոյեմբերի 11-ից և նոյեմբերի 15-ից ադրբեջանական մաքսակետեր են տեղադրվել։
2021թ–ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի ՊԵԿ նախագահ Սաֆար Մեհտիևը հայտարարել էր, որ Գորիս-Կապան ճանապարհով անցնող տրանսպորտային միջոցներից գանձվող գումարից Ադրբեջանի պետբյուջե է մուտքագրվել մոտ 1,2 մլն դոլար։