Գլենդելում մեկնարկել է մի նախագիծ, որի մասին քաղաքի հայ համայնքը երազում էր․տեսանյութ

Հայ-ամերիկյան թանգարանի կառուցում Գլենդելում
Շինարարության մեկնարկը քաղաքապետն անվանել է երազանքի ճանապարհին առաջին քայլը։ Մշակութային և կրթական կենտրոնն այցելուներին կներկայացնի հայ ժողովրդի ժառանգությունը, ինչպես նաև Ցեղասպանության սարսափները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի- Sputnik. Ամերիկյան Գլենդելում սկսվել է նոր թանգարանի ու մշակութային կենտրոնի շինարարությունը։ Սա մի նախագիծ է, որի մասին քաղաքի հայ համայնքը տասնամյակներով երազել է: Տեղեկությունը հայտնում է Glendale News – Press-ը: Abc7-ն էլ հայտնում է, որ այնտեղ շուտով թանգարան կբացվի, որը կպատմի հայերի պատմության, ինչպես նաև նրանց ձեռքբերումների մասին:
«Սա մի քայլ է դեպի երազանք, որը շուտով բոլորիս համար իրականություն կդառնա», — ասել է Գլենդելի քաղաքապետ Փոլա Դևայնը՝ խոսելով նախագծի մասին:
Թանգարանը գտնվում է Կոլորադոյի բուլվարում։ Ամերիկահայերի համար այն կդառնա նոր տուն, որտեղ կներկայացվի նրանց ժառանգությունը, իսկ մնացածներին այն հնարավորություն կտա հաղորդակցվել, իմանալ և հասկանալ՝ ինչով է ապրում ԱՄՆ հայ համայնքը։
Թանգարանում գործելու են մշտական ու ժամանակավոր ցուցադրություններ, այդ թվում՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության թեմային: Թանգարանում նաև կրթական կենտրոն է գործելու։

«Այդ վայրում վառ է պահվելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այն նաև կծառայի որպես կրթական կենտրոն ամեն տարի այստեղ ժամանող երիտասարդների համար»,-ասել է հայ-ամերիկյան թանգարանի գործադիր տնօրեն Շանթ Սահակյանը։

Թանգարանն առաջին հերթին հարթակ կդառնա հայ մշակույթի և ստեղծագործական մտքի ներկայացուցիչների համար։
Կենտրոնը կբացվի 2024 թվականի ամռանը։
Figaro-ի փոխտնօրեն․ ԵՄ-ն լռելյայն հավանություն է տալիս հայկական մշակույթի ցեղասպանությանը