Երևանում սպանությունների թիվը շեշտակի աճել է. գլխավոր դատախազն ահազանգում է

Երևանում տեղի ունեցող սպանությունները որոշ դեպքերում կատարվել են քրեական ենթամշակույթից բխող մտածողության ազդեցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Երևանում սպանությունների կատարման դեպքերի աճն անհանգստացնող է. 2021թ. Երևանում արձանագրվել է սպանության 26 դեպք, որը նախորդող տարվա համեմատ ավելի է 15-ով կամ 136.4%-ով: Այսօր դատախազությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հայտնել է Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը, տեղեկանում ենք դատախազության պաշտոնական կայքից։
«Անդրադառնալով այս խնդրին՝ Սևակ Հովհաննիսյանը նշել է, որ դրանց մի մասը կատարվել է լարված հարաբերությունների, անձնական թշնամանքի և վրեժի հողի վրա: Որոշ դեպքերում դրանք կատարվել են նաև քրեական ենթամշակույթից բխող մտածողության և վարքագծի ազդեցությամբ: ՀՀ գլխավոր դատախազն այս կապակցությամբ առկա իրավիճակը համարել է ահազանգող»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դավթյանը նշել է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում որևէ նահանջ, փոխզիջում չպետք է լինի:
Բացի այդ, 2021թ. մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 16 438 դեպք՝ նախորդ տարվա 13 892 դեպքի փոխարեն, այսինքն՝ դեպքերը աճել են 2546-ով կամ 18.3 % - ով: Բացահայտումը կազմել է 51.6%՝ նախորդ տարվա 50.4%-ի դիմաց:
Սպանություն Շենգավիթում. 22-ամյա երիտասարդը դանակահարել է 60-ամյա տղամարդու
Խնդրահարուց ուղղություններից մեկը շարունակում է մնալ մայրաքաղաքում երթևեկության կանոնների հանցավոր խախտման, մահվան ելքով դեպքերի աճը: 2021թ. Երևանում գրանցվել է ՃԵԿ խախտման հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու 625 դեպք, որը 15.5%-ով ավելի է նախորդող տարվա համեմատ, իսկ մահվան ելքով դեպքերը եղել են 64-ը՝ 2020թ. 59 դեպքի դիմաց: