ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շատ կոշտ արձագանքեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի այն հայտարարությանը, թե դատավոր Բորիս Բախշիյանի գործով Թաթոյանն իրավունք չուներ գնահատականներ տալու։ Լրագրողների հետ զրույցում Թաթոյանը, ամփոփելով իր պաշտոնավարման տարիները, պատասխանեց համապատասխան հարցին։
ՀՀ ՄԻՊ–ը նախ հիշեցրեց, թե արդարադատության նախարարն ինչ բառապաշարով է խոսում իր հարցազրույցներում` երկրում անհանդուրժողականությունն ավելացնող, պոպուլիստական, անգամ ծանր վիրավորանքի հատկանիշները կան նրա խոսքում։
Նրա խոսքով՝ արդարադատության նախարարը պարտավոր է իմանալ, որ գոյություն ունի նախաքննություն և գոյություն ունի դատական քննություն, գոյություն ունի դատական վարույթ, որը նախաքննությունը չէ։
«Նախաքննությունն իրականացնում է պաշտոնատար անձը, որ կոչվում է քննիչ, իսկ դատական վարույթն իրականացնում է դատարանը։ Ինչպես կարող է նախաքննության հարցը դառնալ «դատական գործ», բացի այդ «դատական գործ» հասկացություն մեր օրենքը չունի, որտեղի՞ց է վերցրել»,-ասաց պաշտպանը։
Նա ընդգծեց, որ դատական վարույթը սկսվում է, երբ քննիչը քննում է գործը, նախաքննությունն ավարտվում է, ուղարկում է դատախազին, որը մեղադրական եզրակացությունը հաստատում է կամ ոչ։ Դատախազը մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկում է դատարան, որից հետո միայն սկսվում է դատական վարույթը։
Թաթոյանը նաև հետաքրքրվեց, թե արդարադատության նախարարն ինչպես էր իր նախորդ պաշտոնում (ՀՀ ՄԻՊ) գնահատականներ տալիս դատական գործերի հետ կապված։
«Այդ զեկույցը, որ հրապարակել է, իրականում կարևոր զեկույց է, ես ուսումնասիրել եմ, ընդունել եմ հիմք։ Մի՞ թե իր այդ զեկույցում չկային դատական գործեր, որ ընթացիկ էին ու գնահատականները կարող էին ազդել ընթացիկ գործերի վրա։ Կամ սա ինչ քաղաքական ծառայություն է իրավապահ մարմիններին։ Սրանով ըստ էության, նա ասում է, որ նախաքննության փուլում գտնվող ցանկացած գործի հետ կապված դատախազությունը, ոստիկանությունը, կարող է հայտարարել, որ ՄԻՊ-ն իրավունք չունի գնահատականներ տալ նախաքննության փուլում, որովհետև դա «դատական գործ» է։ Միգուցե նաև հայտարարեն, որ պաշտպանն իրավունք չունի կալանավորված անձին այցելել նախաքննության ժամանակ, քանի որ կարող է կալանավորը տվյալներ փոխանցել»,-հեգնեց Թաթոյանը։
Թաթոյանը շեշտեց, որ արդարադատության նախարարը շարժվում է «վրեժխնդրության շարժառիթով», և սա այն կլասիկ դեպքերն են, որ իրենք դառնում են իրենց իսկ հայտարարությունների գերին։
Նա կոչ արեց արդարադատության նախարարին մյուս անգամ, եթե վստահ չլինի իր հայտարարություններում և ուսումնասիրած չլինի ՄԻՊ հայտարարությունները, չհամարձակվի ՄԻՊ գրասենյակի հանդեպ որևէ ոտնձգություն անել`թաքնվելով կառավարության ներկայացուցիչ լինելու հովանու տակ։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն բավարարել էր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու վերաբերյալ` ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։
Բախշիյանը Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորն էր։ Նրա որոշմամբ
Մինասյանը կալանքից ազատվեց հունվարի 26-ին։
Դատավորի դեմ
քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի (անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք) հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակներում։