ԲԴԽ–ն կոչ է անում զերծ մնալ դատավորներին պիտակավորելուց

ԲԴԽ–ն իրավաբանական համայնքի ներկայացուցիչներին կոչ է անում առավել բարձր պատասխանատվությամբ մոտենալ իրենց հրապարակային ելույթներին, գնահատականներին և որակումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել` պաշտոնատար անձանցից և քաղաքական գործիչներից պահանջելով դատական իշխանության հասցեին քննադատական խոսքեր հնչեցնելիս զուսպ լինել և հիմնվել միայն փաստերի վրա։
Հայտնել էինք, որ ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը գրություն է ուղարկել ԲԴԽ–ին՝ իր դժգոհությունն արտահայտելով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի վարքագծի առնչությամբ։ Գրության մեջ նշվում է, որ փետրվարի 11-ին ու փետրվարի 14-ին տված հարցազրույցներում Անդրեասյանը հնչեցրել է դատավորներին վիրավորող և պիտակավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններ, որոնք չեն արժանացել պատշաճ արձագանքի:
ԲԴԽ–ն այժմ կոչ է անում զերծ մնալ վիրավորական բնույթի արտահայտություններից և դատավորներին պիտակավորելուց։

«Միաժամանակ, ԲԴԽ–ն անընդունելի է համարում գործողություններով կամ հրապարակային հայտարարություններով դատավորների` քաղաքական չեզոքության վտանգավոր սահմանագծին մոտենալու հնարավորությունը։ ԲԴԽ–ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են գնահատվել որպես դատավորի էթիկայի և վարքագծի կանոնների խախտում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, խորհուրդը նշում է նաև, որ խիստ մտահոգիչ են իրավաբանական համայնքի ներկայացուցիչների՝ վերջին շրջանում դատական իշխանության հեղինակությունը թիրախավորող, նսեմացնող և վիրավորական բնույթ կրող հայտարարությունները։ ԲԴԽ–ն իրավաբանական համայնքի ներկայացուցիչներին կոչ է անում առավել բարձր պատասխանատվությամբ մոտենալ իրենց հրապարակային ելույթներին, գնահատականներին և որակումներին։
ԲԴԽ-ն թույլ է տվել կալանավորել դատավոր Բորիս Բախշիյանին
Հիշեցնենք, որ Ալբերտ Ազարյանը բարձրագույն դատական խորհրդին առաջարկել էր իրավասու մարմնի առջև բարձրացնել ՀՀ արդարադատության նախարարին պատասխանատվության ենթարկելու հարցը։