Արման Թաթոյանը պաշտոնավարման վերջին օրը ևս մեկ դիմում է ներկայացրել ՍԴ

Այս անգամ Թաթոյանի դիմումը վերաբերում է ԲԴԽ–ում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հստակ ընթացակարգի բացակայությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ քիչ առաջ ևս մեկ դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան։ Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում է նման գրառում արել` հայտնելով այդ մասին։
Այսօր Թաթոյանն արդեն իսկ մեկ դիմում ներկայացրել էր՝ վիճարկելով ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի օրենսդրությունը։
Արման Թաթոյանը ոչ միայն անկախ, այլև երջանիկ օմբուդսման է եղել. իրավապաշտպան
«Քիչ առաջ դիմել եմ Սահմանադրական դատարան. վիճարկում եմ այն, որ Բարձրագույն դատական խորհրդում բացակայում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հստակ և կանխատեսելի ընթացակարգ։ Այդ թվում՝ գոյություն չունի կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը բողոքարկելու իրավունք»,–գրել է Թաթոյանը։
Հավելենք, որ այսօր լրանում է Արման Թաթոյանի՝ ՄԻՊ պաշտոնում գտնվելու ժամկետը։