Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան

Վիճարկվում է ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի օրենսդրությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվար - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի օրենսդրությունը։ Այս մասին նշված է Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջում։
«Քիչ առաջ դիմել եմ Սահմանադրական դատարան. վիճարկում եմ ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի օրենսդրությունը, որը խոչընդոտներ է հարուցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար՝ աշխատակազմի հետ կապված կարևոր հարցեր կախվածության մեջ դնելով Կառավարությունից:
Խոսքը «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վարչապետի, ՀՀ առաջին փոխվարչապետի որոշումների և մի շարք այլ ակտերի դրույթների մասին է»,-նշված է հաղորդագրության մեջ:
Չհամարձակվե՛ք ՄԻՊ գրասենյակի հանդեպ ոտնձգություն անել. Թաթոյանը` արդարադատության նախարարին
Ըստ Թաթոյանի՝ այս հակասահմանադրական ակտերի, ինչպես նաև Կառավարությունում քաղաքացիական ծառայության համակարգի պատասխանատու պաշտոնյաների մոտ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության վերաբերյալ սկզբունքային սխալ պատկերացումների, բյուրոկրատական քաշքշուկների պատճառով աշխատանքում բախվում են խոչընդոտների:
«Անգամ իմ դիմումի հիման վրա ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը իրենց պաշտոնական դիրքորոշումներով քննադատության ենթարկեցին առկա վիճակը, այդ թվում՝ սահմանադրականության տեսանկյունից, բայց հարցն այդպես էլ չլուծվեց»,-նշել է Թաթոյանը։
Հավելենք, որ այսօր լրանում է Արման Թաթոյանի՝ ՄԻՊ պաշտոնում գտնվելու ժամկետը։