Եկեք անկեղծ լինենք։ Միգուցե զուտ պատահականություն էր, որ Իլհամ Ալիևի մոսկովյան այցը համընկավ այսքան բուռն իրադարձությունների հետ, թեև ոմանք նույնիսկ ենթադրություն են անում, թե Ադրբեջանի նախագահն իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ իր միջնորդությունն է առաջարկել Ուկրաինայի հետ հարաբերությունները բնականոն հուն վերադարձնելու գործընթացում։
Շատ դժվար է հավատալ, որ Ռուսաստանն այս պահին հենց Ադրբեջանի միջնորդական ջանքերի կարիքն ունի, բայց ըստ երևույթին, Բաքվում տրամաբանորեն մտածում են՝ հիմա գլխավորը նախաձեռնությունն է, թող բոլորը հասկանան, որ եթե առաջ Ադրբեջանը հայերի հետ հակամարտությունում Ռուսաստանի միջնորդության կարիքն ուներ, ապա այժմ արդեն այնքան է հզորացել, որ ինքը պատրաստ է իր միջնորդական ծառայությունն առաջարկել Ռուսաստանին։
Ի դեպ, եթե սկսել ենք զբաղվել ենթադրություններով, կարող ենք գոնե ինչ-որ չափով ընդունել որոշ մեկնաբանների վարկածը, թե հենց այս օրերին Մոսկվա ժամանելով, Ալիևը չի բարձրաձայնում, բայց ակնհայտորեն ակնարկում է, որ աջակցում է Ռուսաստանի իշխանությունների գործողություններին։ Առաջին հայացքից այդ աջակցությունը կարող է տարօրինակ թվալ՝ ախր, ընդամենը մի քանի շաբաթ առաջ Ալիևը համոզում էր Ուկրաինայի իշխանություններին, թե Բաքուն միանշանակ ճանաչում է այդ երկրի տարածքային ամբողջականությունը։
Մյուս կողմից, Ադրբեջանի ավագ եղբայրը՝ Թուրքիան, արդեն հայտարարել է, որ դատապարտում է Մոսկվայի արածը։ Սակայն հենց այս օրինակն էլ ակնհայտորեն ցույց է տալիս՝ մենք անցած դարում ենք մնացել, եթե մինչև հիմա չենք գիտակցել, որ միջազգային ասպարեզում, միջպետական հարաբերություններում վաղուց արդեն գնահատվում են ոչ թե խոսքերը, այլ գործերը։
Եվ վերջապես երրորդ վիճահարույց վարկածի մասին՝ այն հռչակագիրը, որը ստորագրվեց Մոսկվայում, ընդամենը առաջին քայլն էր, երկրորդը լինելու է Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական միությանը։ Կներեք, բայց կարո՞ղ եք հիմնավորված բացատրել, թե Ռուսաստանի և Ադրբեջանի ինչի՞ն է պետք այդ միությունում միասին լինելը այն դեպքում, երբ նրանց հարաբերությունները առանց այն էլ շատ ավելի ջերմ են ու արդյունավետ, քան այն հարաբերությունները, որոնք գոյություն ունեն միության ներսում։
Տեսե՛ք։ Անցած տարի ռուսաստանյան ներդրումները Ադրբեջանում կազմել են 4,5 միլիարդ դոլար։ Կրկնում եմ՝ միայն անցած տարի, այնինչ Հայաստանում այդքան ներդրում է արվել մոտ 30 տարվա ընթացքում։ Այժմ Ադրբեջանում գրանցված է ավելի քան 1000 ձեռնարկություն՝ ռուսաստանյան կապիտալով։ Մյուս կողմից, Ադրբեջանն էլ մեծ ներդրումներ է իրականացնում Ռուսաստանում, որոնց ծավալն անցած տարի հասել է 1,2 միլիարդ դոլարի։ Ինչ վերաբերում է ռուսերենի դասավանդմանը, որը Մոսկվայի համար չափազանց զգայուն հարց է, ապա այդ առումով, ինչպես նշում են ռուսաստանյան լրատվամիջոցները, Ադրբեջանը կարող է հրաշալի օրինակ ծառայել հետխորհրդային բոլոր հանրապետությունների համար։
Իսկապես, Ադրբեջանում գործում է ավելի քան 300 դպրոց, որտեղ դասավանդում են ռուսերեն։ Մոտ 17 հազար ուսանողներ ուսումնասիրում են այդ լեզուն 20 բուհերում։ Համեմատեք, Հայաստանի սլավոնական համալսարանում և ռուսաստանյան բուհերի 7 մասնաճյուղերում սովորում է 3,5 հազար ուսանող։ Մեզ, բնականաբար, ամենից շատ հետաքրքրում է, թե արդյոք ռազմակա՞ն համագործակցություն է նախատեսված Մոսկվայում ստորագրված փաստաթղթում։ Այո՛, նախատեսվում է։ 40 կետերից մեկը ամրագրում է. «Անվտանգության, խաղաղության և կայունության պահպանման նպատակով Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են քննարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հարցը»։
Կարող ենք, իհարկե, մխիթարվել, որ ոչ մի սարսափելի բան չկա, մանավանդ գաղտնիք չէ, որ Ռուսաստանը Ադրբեջանին միշտ էլ զենք է մատակարարել, իսկ նման պայմանագիր Հայաստանը Ռուսաստանի հետ վաղուց՝ դեռ 2000 թվականին էր ստորագրել, բայց չմոռանանք, որ անցյալ տարի Շուշիում Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը նույնպես դաշնակցային համագործակցության մասին համաձայնագիր էին կնքել։ Դե հիմա ասեք՝ այժմ, երբ Բաքուն արդեն դաշնակցային հարաբերություններ ունի թե՛ Անկարայի, թե՛ Մոսկվայի հետ, իսկ դա նաև ռազմական օգնություն է ենթադրում, արդյո՞ք արդարացի չեն նրանք, ովքեր պնդում են՝ այն կոմպլեմենտար քաղաքականությունը, որի մասին Հայաստանի իշխանություններն անընդհատ խոսում էին տարիներ շարունակ, մեծ հաջողությամբ կյանքի է կոչում Ադրբեջանը։