Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ Կիևի դիրքորոշմանն աջակցելու համար

Թուրքիայի նախագահն այսօր անընդունելի էր որակել ԴԺՀ–ի ու ԼԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո Twitter-ում կատարած գրառման մեջ հայտնել է, որ շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ Դոնբասի վերաբերյալ Ռուսաստանի որոշման ֆոնին Կիևին աջակցելու համար։
«Ես նաև իմ երախտագիտությունն եմ հայտնել նրան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների, ինչպես նաև Ուկրաինայի, Թուրքիայի և Գերմանիայի մասնակցությամբ գագաթնաժողովի անցկացման նախաձեռնությանն աջակցելու համար»,- գրել է Ուկրաինայի նախագահը։
Հիշեցնենք` Թուրքիայի նախագահն այսօր անընդունելի էր որակել ԴԺՀ–ի ու ԼԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը։ Նրա խոսքով՝ այդ քայլը Ուկրաինայի քաղաքական միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում է։ Էրդողանը կողմերին երկխոսության կոչ էր արել։
Թուրքիայի նախագահը պաշտպանել էր պաշտոնական Կիևի նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի մշտական անդամ երկրների, ինչպես նաև Ուկրաինայի, Թուրքիայի և Գերմանիայի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններ վարելու վերաբերյալ։