Դժվար է հիմա որևէ լուրջ բան ակնկալել հայ–թուրքական բանակցային գործընթացից։ Շատ բան կախված կլինի աշխարհաքաղաքական զարգացումներից, որոնք շատ մեծ ազդեցություն են ունենալու հարավկովկասյան տարածաշրջանի վրա։ Իրավիճակը նույնիսկ կարող է կտրուկ փոխվել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան, թուրքագետ Վազգեն Պետրոսյանը։
Պետրոսյանի կարծիքով` հիմա 19-րդ դարը չէ, երբ գերտերությունները վարագույրի հետևում կայացնում էին որոշումներ և դրանք առաջադրում բոլորին, մեր օրերում գերտերությունները հակամարտող կողմերին հորդորում են բանակցել և որևէ եզրակացության գալու դեպքում միայն առաջարկում իրենց հետ քննարկել հարցերը, որոնց շրջանակներում յուրաքանչյուրը գծում է իր կարմիր գծերը։
«Թուրքիան սպասում է զարգացումների հանգուցալուծմանը։ Այդուհանդերձ, Ադրբեջանում ԱՄՆ–ի դեսպանն անցյալ շաբաթ քաղաքական վերնախավին հայտնել էր, որ ինչ հաստատվի հայ–թուրքական հարաբերություններում, Բաքուն պարտավոր է համաձայնել դրան, այսինքն` ԱՄՆ–ի ճնշումը բավականին մեծ է, որպեսզի հանգուցալուծումը լինի հնարավորինս շուտ։ Թուրքիան իր հերթին ցանկանում է Հայաստանից կորզել առավելագույնը, այն է` Սյունիքը պոկել Հայաստանից»,– ասաց քաղաքական վերլուծաբանը։
Պետրոսյանի դիտարկմամբ` թուրքերը շատ լավ գիտեն, որ իրենք ամեն ինչով կախված են ՆԱՏՕ–ից և ԱՄՆ–ից, ուստի ուզեն թե չուզեն` շարժվելու են նրանց շահերին համահունչ` թեկուզ ինչ–որ տեղ չուզենալով։
Ըստ նրա` եթե ԱՄՆ–ն հայտարարի, որ դադարեցնում է օժանդակությունը Թուրքիային, ապա այդ երկրի տնտեսությունը կփլուզվի, թուրքական լիրան կոլապսի կենթարկվի, հետևաբար Թուրքիան երբեք դեմ չի գնա ո՛չ Հյուսիսատլանտյան դաշինքին, ո՛չ Միացյալ Նահանգներին։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, բայց այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի
հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ
ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին Վիեննայում։