ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ Ռուս-եվրոպական ExoMars-2022 առաքելության համար նախատեսված «Պրոտոն-Մ» հրթիռն արդեն անցել է պատրաստության ամբողջական փուլը։ Սկսվում է դրա ուղարկումը Բայկոնուր տիեզերակայան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօրվա դրությամբ հրթիռ-կրիչը պատրաստ է, մոսկովյան հարթակում այն անցել է պատրաստության ամբողջական փուլ։ Այսօր նախատեսվում է դրա տեղափոխումը Բայկոնուր տիեզերակայան»,- նշել է Խրունիչևի անվան կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վարոչկոն:
Նա հավելել է, որ հրթիռի հետ միասին կուղարկվեն նաև այլ սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են առաքելության գործարկման համար:
Վարոչկոյի խոսքով՝ երկաթուղային կազմում կլինի ևս մեկ նման հրթիռ՝ 2022 թվականին Բայկոնուրից հետագա արձակումների համար: Հաշվի առնելով, որ բեռը մեծ է, առաքումը տեղի կունենա մարտի 7-ին կամ 9-ին:
Մարս կուղարկվի ռուսական «Կազաչոկ» վայրէջքի հարթակը՝ դրա վրա տեղադրված Rosalind Franklin եվրոպական մարսագնացով։
Եվրոպական մարսագնացով ռուսական հարթակի գործարկումը ExoMars-2016 առաքելության շարունակությունն է, որը բաղկացած է եվրոպական TGO ուղեծրային մոդուլից՝ ռուսական երկու գիտական սարքերով և Եվրոպական Schiaparelli վայրէջքի մոդուլով: 2016-ի հոկտեմբերին TGO-ն դուրս եկավ Մարսի շուրջ ուղեծիր և աշխատում է մինչ օրս, իսկ Schiaparelli-ը վթարի է ենթարկվել վայրէջքի ժամանակ: