ՄԻՊ արագ արձագանքման խումբը ոստիկանության բաժիններում զրուցում է բերման ենթարկվածների հետ

ՀՅԴ ՀԵՄ տեղեկություններով՝ Հանրապետության հրապարակից այսօր բերման են ենթարկվել 26 ակտիվիստներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը ՀՀ ոստիկանության բաժանմունքներում է: Տեղեկությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է պաշտպանի գրասենյակը։

«Այս պահին տեղի են ունենում առանձնազրույցներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի վայրից բերման ենթարկված անձանց հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ժամեր առաջ ՀՅԴ Երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել «Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ հյուրընկալվել են Եվրանեսթի նիստերին մասնակցելու համար Հայաստան ժամանած ադրբեջանցի պատգամավորները։
Ոստիկանները ուժի կիրառմամբ ցրեցին ակցիան՝ բերման ենթարկելով տասնյակից ավելի ակտիվիստների։
ՀՅԴ ՀԵՄ-ը Facebook-ի էջում տեղեկացնում է, որ բերման են ենթարկվել բողոքի ակցիայի 26 մասնակից։