ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով՝ Արմեն Մարտիրոսյանը հետ է կանչվել Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Սիմոնյանի մեկ այլ հրամանագրով՝ դեսպանի պաշտոնում նշանակվել է Հովհաննես Իգիթյանը։
Նշենք, որ Արմեն Մարտիրոսյանը Լիտվայում ՀՀ դեսպան էր նշանակվել 2021 թվականին, մինչ այդ նա եղել է ՀՀ դեսպանը Շրի Լանկայում, Բանգլադեշում, Նեպալում, Հնդկաստանում, Գերմանիայում, ինչպես նաև ՀՀ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում։
Լիտվայում նորանշանակ դեսպան Հովհաննես Իգիթյանը եղել է ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր։ Ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ընտրական ցուցակով։
1990-1995 թթ․նա եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, աշխատել Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, նաև ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ։
1995-1999 թթ եղել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր։ Նախագահել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, ԵԽԽՎ-ում ղեկավարել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, նաև ԵԱՀԿ ԽՎ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը։
Եղել է «Հանրապետություն» խմբակցության անդամ։