Կրեմլը հստակեցրել է, թե ինչ սահմաններում է Ռուսաստանը ճանաչել ԴԺՀ–ն ու ԼԺՀ–ն

Պեսկովը նաև նշել է, որ հանրապետություններում իրավիճակը դեռ շարունակում է անհանգիստ մնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ճանաչում է ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն այն սահմաններում, որոնցում այդ հանրապետություններն ինքնահռչակվել էին։ Պեսկովը նաև նշել է, որ, չնայած Ռուսաստանի Դաշնության ճանաչմանը, այդ հանրապետություններում իրավիճակը դեռ շարունակում է անհանգիստ մնալ։
«Շատ քաղաքացիներ վտանգի զգացում ունեն, ուստի որոշել են ժամանակավորապես տեղափոխվել Ռուսաստան»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստից հետո ուղերձով դիմել էր ՌԴ քաղաքացիներին ու հայտարարել, որ անհրաժեշտ է համարում որոշում ընդունել անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, քանի որ նրանք, ովքեր ընտրել են արյունահեղության, բռնության և անօրինականության ուղին, չեն ճանաչել և չեն ճանաչում Դոնբասի հակամարտության որևէ այլ լուծում, բացի ռազմականից: