Խոցելի խմբերն այսուհետ մասնագիտացված աջակցություն կստանան. Արցախում կենտրոն բացվեց

Արցախի պետնախարարի խոսքով՝ նմանատիպ կենտրոններ են բացվելու տարբեր շրջաններում, նաև մայրաքաղաք Ստեփանակերտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ Այսօր Մարտունի քաղաքում տեղի է ունեցել Արցախի սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարության սոցիալ-հոգեբանական աջակցության առաջին կենտրոնի բացման արարողությունը։ Այստեղ սոցիալական աշխատանքի և հոգեբանական ծառայություններ են մատուցվելու խոցելի խմբերին։ Ուրախ լուրը Facebook-ի իր էջում հայտնել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Մարտունի քաղաքում տեղի է ունեցել Արցախի սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարության սոցիալ-հոգեբանական աջակցության առաջին կենտրոնի բացման արարողությունը
«Այս կենտրոնն օրինակելի է ոչ միայն իր մոտեցումների ու նպատակների տեսանկյունից, այլ նաև, որ կառավարության և տարբեր մասնագիտական և բարեգործական կազմակերպությունների միջև տեղի է ունեցել բավականին լուրջ համագործակցություն»,- նշում է պետնախարարը։
Նրա խոսքով՝ աշխատանքները մեկնարկել են դեռ 1 տարի առաջ։ Տարբեր աջակիցների շնորհիվ հնարավոր է դարձել սոցիալական աշխատողների պատրաստման և վերապատրաստման ծրագրեր իրականացնել:
Մարտունի քաղաքում տեղի է ունեցել Արցախի սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարության սոցիալ-հոգեբանական աջակցության առաջին կենտրոնի բացման արարողությունը
Արդյունքում մի քանի տասնյակ սոցիալական աշխատողներ ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ։ Նրանցից մի քանիսն աշխատելու են հենց այս կենտրոնում:
Մարտունի քաղաքում տեղի է ունեցել Արցախի սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարության սոցիալ-հոգեբանական աջակցության առաջին կենտրոնի բացման արարողությունը
Բեգլարյանը տեղեկացրել է, որ Մարտունիում կհիմնվի նաև երեխաների խնամքի ու զարգացման կենտրոն։
Կենտրոնների աշխատանքի շնորհիվ ոչ միայն վեր են հանվելու խոցելի խմբերի սոցիալ-հոգեբանական կարիքները, այլև աշխատանքներ են իրականացվելու դրանց բավարարմանն աջակցելու ուղղությամբ։
Մասնավորապես, պետնախարարի խոսքով՝ աշխատանքները նպատակաուղղված են լինելու խոցելի խմբերը ներկայացնող անձանց ակտիվացմանն ու ինքնուրույնության ապահովմանը: Նմանատիպ կենտրոններ են բացվելու նաև մյուս շրջաններում ու մայրաքաղաք Ստեփանակերտում։
Պետնախարարը խոստանում է, որ ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումները շարունակական են լինելու: