Իսկ որո՞նք են Մոսկվայի կողմից ճանաչված հանրապետությունների սահմանները

Դոնեցկ. Արխիվային լուսանկար
Եկեք անկեղծ լինենք։ Ուկրաինայի մի մասի անկախության հնարավոր ճանաչման մասին շատերն էին խոսում, բայց գրեթե չէր շոշափվում գլխավոր հարցերից մեկը՝ իսկ որո՞նք են Դոնեցկի և Լուգանսկի առաջնորդների հռչակած հանրապետությունների սահմանները։
Sputnik
Իրականում սահմանների խնդիրն ամենավիճահարույցներից է նաև հայաստանցիներիս համար, քանզի բոլորը շատ որոշակի տագնապով սպասում են Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտմանը։
Իհարկե, մեր տարածաշրջանը և Եվրոպայի արևելքը, որտեղ թափ են հավաքում անկանխատեսելի իրադարձությունները, չափազանց դժվար կամ ընդհանրապես անհնար է համեմատել։ Բայց առնվազն մեկ զուգահեռ գոյություն ունի՝ սահմանների հարցի որոշակիացումն ակնկալվում է բավական լարված իրավիճակում և իրավիճակն էլ ավելի կարող է սրվել հենց սահմանների հարցի պատճառով։ Հենց դրա համար էլ քաղաքագետներն ու վերլուծաբանները հիմա փորձում են հասկանալ՝ ինչո՞ւ այդպես էլ չհստակեցվեց Դոնեցկի և Լուգանսկի սահմանների հարցը։

Իրավիճակն այսպիսին է։ 2014 թվականին, երբ հռչակվեցին Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, ռազմական գործողությունները հիմնականում դեռ չէին էլ սկսվել, և տրամաբանորեն ենթադրվում էր, որ խոսքը Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի ողջ տարածքի մասին է։ Էդպես էլ հրապարակավ ասվում էր։ Սակայն այժմ՝ տեղի ունեցած կռիվներից հետո, Ուկրաինան շարունակում է լիովին վերահսկել այդ երկու նախկին վարչական տարածքների մեծ մասը՝ գրեթե երկու-երրորդը։ Այսինքն` այսպես կոչված շփման գիծը ամենևին այդ մարզերի վարչական սահմաններով չի անցնում։

Ավելին, Կիևը վերահսկում է Մարիուպոլը։ Կես միլիոն բնակչություն ունեցող և Ազովի ծովի ափին գտնվող այդ բնակավայրը ոչ միայն Ուկրաինայի 10 խոշորագույն քաղաքներից մեկն է, այն մետալուրգիայի կարևորագույն կենտրոն է և տրանսպորտային մեծ նշանակություն ունեցող նավահանգիստ։ Ես չեմ եղել, բայց ասում են՝ շատ հաճելի քաղաք է, ինչի ապացույցն է թեկուզ այն փաստը, որ ուղիղ 10 տարի առաջ Մարիուպոլը ճանաչվել է Ուկրաինայի՝ ապրելու համար ամենաբարենպաստ բնակավայրերից մեկը։ Երևի պատահական չէ, որ այդ քաղաքի մասին էր խոսվում նաև Մոսկվայում փետրվարի 21–ին կայացած Անվտանգության խորհրդի նիստում։
Որոշ վերլուծաբանների կարծիքով` Դոնեցկի և Լուգանսկի սահմանների հարցի անորոշ թողնելու պատճառները երեքը կարող են լինել։ Առաջին՝ եթե այդ հանրապետությունները ճանաչվել են, ապա, բնականաբար, ճանաչվել են այն սահմաններում, որոնք վերահսկում են դրանց իշխանությունները։ Մանավանդ, որ այդ իշխանությունները վերջին տարիներին փորձ էլ չեն արել փոխելու շփման գիծը և առաջ շարժվելու՝ իրենց վերահսկողության տակ առնելով նորանոր տարածքներ։
Մյուս կարծիքը ճիշտ հակառակն է։ Դրա կողմնակիցները պնդում են, թե մոտ երեք տարի առաջ երկու հանրապետություններում օրենքներ են ընդունվել սահմանների մասին, որոնցում միանշանակ ամրագրված է, որ այդ սահմանները նախկին մարզերի վարչական սահմաններն են՝ անկախ այն հանգամանքից, որ դրանք փաստորեն մնացել են Ուկրաինայի վերահսկողության տակ։ Եթե ընդունենք այս տարբերակը, ստացվում է, որ երկու հանրապետությունների իշխանությունները փաստորեն իրենք իրենց իրավունք են վերապահում հնարավորության և ցանկության դեպքում ընդլայնելու այժմ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները՝ ընդհուպ մինչև այդ նախկին վարչական սահմանները։
Դարձ ի խաչմերուկս յուր. ո՞վ կվճարի երկաթգծի վերականգնման համար
Եվ վերջապես երրորդ վարկածը՝ սահմանների հարցը միտումնավոր են անորոշ թողել` սպասելով, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Բոլորս սեփական փորձից լավ գիտենք, որ սա բավական շահեկան տարբերակ է։ Դիտմամբ մի ոչ հստակ, անորոշ բան ես ասում, իսկ երբ ընդդիմախոսդ փորձում է ապացուցել, որ ասածդ միայն մի բան է նշանակում, մեջբերում ես սեփական խոսքերն ու հակադարձում. «Իմ ասածը ընդամենը սա էր, խնդրում եմ չխեղաթյուրել»։ Գիտեք իհարկե, որ ամեն ինչ անորոշության քողի տակ թողները նաև մեր հայաստանցի քաղաքական գործիչների ամենասիրած հնարքներից մեկն է։
Ամփոփենք։ Վերլուծաբաններից շատերը հիմա համոզված ասում են. «Ընդամենը ժամանակի հարց է, առաջիկա օրերի ընթացքում անպայման վերջնականապես կպարզվի, թե ինչ սահմաններում են ճանաչվել երկու հանրապետությունները»։ Բոլորովին չեմ բացառում, միանգամայն հնարավոր է։ Բայց կներե՛ք, գոնե առայժմ չեմ բացառում նաև, որ ամեն ինչ դեռ երկար ժամանակ կմնա անորոշ։
Նախադեպերը լավն են, բայց Արցախի ճանաչման գործընթացը մի քիչ ավելի երկար է տևելու. Բաբայան