ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ Իր գործողություններով Ռուսաստանը «ներխուժում» է սկսել Ուկրաինա։ Րոպեներ առաջ Սպիտակ տանն իր ելույթում նման հայտարարություն արեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
ԱՄՆ նախագահը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։ Նրա խոսքով՝ պատժամիջոցները կվերաբերեն Ռուսաստանի սուվերեն պարտքին։
Բայդենը հայտարարեց, որ ԱՄՆ-ն այսօրվանից պատժամիջոցներ է սահմանում ռուսական էլիտայի նկատմամբ։ Պատժամիջոցներ կսահմանվեն նաև ռուսական բանկերի նկատմամբ։
Նա ընդգծեց, որ թույլ չի տա այնպիսի պատժամիջոցներ, որոնք կհանգեցնեն ամերիկյան սպառողների համար բենզինի գների աճին:
«Ես պատրաստվում եմ վճռական գործողություններ ձեռնարկել՝ համոզվելու համար, որ մեր պատժամիջոցների ցավը կզգա ռուսական տնտեսությունը, այլ ոչ թե մեր տնտեսությունը։ Ես ցանկանում եմ սահմանափակել այն ցավը, որը զգում է ամերիկյան ժողովուրդը բենզալցակայանում։ Դա շատ կարևոր է ինձ համար»,- հայտարարել է Բայդենը։
Բայդենը շեշտեց, որ ԱՄՆ-ն կշարունակի օգնություն ցուցաբերել Ուկրաինային պաշտպանության ոլորտում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աշխատում է Գերմանիայի հետ, որ թույլ չտա «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումը։
ԱՄՆ նախագահը շեշտեց, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին պատասխանելու հարցում Արևմուտքը միասնական է։
Բայդենը հայտարարեց նաև, որ ԱՄՆ-ն իր զինվորականներին Եվրոպայից կուղարկի Բալթյան երկրներ։
Ջո Բայդենը նշեց, որ պատժամիջոցները, որոնք իր վարչակազմը կսահմանի Ռուսաստանի դեմ, շատ ավելի անվտանգ կլինեն, քան նրանք, որոնք սահմանվել էին 2014 թվականին «Ղրիմի բռնակցումից» հետո:
«Եվ եթե Ռուսաստանն ավելի հեռուն գնա այդ ներխուժմամբ, մենք պատրաստ ենք առաջ գնալ պատժամիջոցների հարցում»,- ասաց Բայդենը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միաժամանակ հույս է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի դիվանագիտական կարգավորման հնարավորությունները կպահպանվեն։
Հիշեցնենք` իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։
Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։
Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։