ՀՀ–ում վերակենդանացման բաժանմունքում կորոնավիրուսով վարակված 3 երեխա կա. մասնագետ

«Օմիկրոն» շտամը երեխաների մոտ հանգեցրել է վերին շնչուղիների ախտահարման և հիմնականում չի հասել թոքերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակված և հարաբերականորեն ծանր վիճակում գտնվող 3 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՆ խորհրդատու մանկաբուժության գծով Սերգեյ Սարգսյանը։
«Գիտենք, որ «Օմիկրոն» շտամն այժմ շրջանառվում է Հայաստանում և այն հարաբերական առումով ավելի շատ ախտահարում է երեխաներին։ Մեր երկրում այս շտամով հիվանդացության մաքսիմալ պիկը փաստացի եղել է հունվար–փետրվար ընկած ժամանակահատվածում, երբ ընդհանուր թվով մինչև 18 տարեկան երեխաների մոտ 2 շաբաթում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով վարակվելու 189 դեպք»,– նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով` ընդհանուր առմամբ ամբողջ հանրապետությունում հիվանդանոցներում բուժում է ստանում շուրջ 190 երեխա։ Մասնագետն ընդգծեց, որ փետրվարի 1-20-ը դեպքերի թվի նվազում է նկատվում, ինչն անդրադարձել է նաև հիվանդանոցների աշխատանքի վրա։
Անդրադառնալով խնդրի կլինիկական կողմին` Սարգսյանը շեշտեց, որ ինչպես և իրենք սպասում էի,ն «Օմիկրոն» շտամը երեխաների մոտ հանգեցրել է վերին շնչուղիների ախտահարման և հիմնականում չի հասել թոքերին։ Այս հիվանդության դեպքում նկատվել է նաև մի առանձնահատկություն` լարինգոտրախեիտ և «круп» հիվանդություններն են զարգացել, որոշ դեպքերում էլ այն մի փոքր դժվար է եղել կառավարել։ Եղել են նաև աղեստամոքսային խանգարումներ, մաշկային տարբեր ախտահարումներ։
Հիշեցնենք, որ ՀՀ–ում արդեն շրջանառվում է նաև COVID-19 «Օմիկրոն» շտամի «BA.2» ենթատարբերակը, որն ավելի վարակիչ է, քան նախորդը ու, համաձայն մի շարք հետազոտությունների, կարող է հիվանդության ավելի ծանր ընթացք ունենալ։