ՀՀ–ն պետք է հարգի ցանկացած ազգի ինքնորոշման իրավունքը. Խաչատրյանը` Պուտինի որոշման մասին

Արթուր Խաչատրյանը կարծում է, որ ՀՀ–ն պետք է քննարկի ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ–ն պետք է հարգի ցանկացած ազգի ազատ ինքնորոշման իրավունքը։ Ավելին, Արցախի Հանրապետությունը ՀՀ–ն պետք է ճանաչեր 44-օրյա պատերազմի առաջին օրերին։
Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը։
Պուտինը որոշում է ընդունել Դոնբասի տարածք ռուսաստանյան զորք մտցնելու վերաբերյալ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
«ՀՀ–ն Արցախի անկախությունը չէր ճանաչում, որպեսզի բանակցային գործընթացը չխաթարվի։ Սակայն բանակցային գործընթացը խախտեցին, և ադրբեջանցիներն ու թուրքերը հարձակվեցին ՀՀ–ի դեմ։ Որևէ տրամաբանական բացատրություն չեղավ, թե ինչու ՀՀ–ն չճանաչեց Արցախի անկախությունը»,–ասաց Խաչատրյանը։
Հարցին, թե ՀՀ–ն պե՞տք է ճանաչի ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը` Խաչատրյանը պատասխանեց, որ ՀՀ–ն պետք է այդ հարցը քննարկի և պատեհ առիթով որոշում կայացնի։ Խաչատրյանը նշեց` դա իր կարծիքն է, դեռ թիմի հետ այս հարցը չեն քննարկել։