ՌԱԴԻՈ

Հայկական կողմի փաստարկված դիրքորոշումները լսելի չեն ադրբեջանական կեղծ թեզերի հետևանքով

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երևանում կայացած «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, որոնց մասնակցեցին նաև Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորներ Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամադովը։
Sputnik
Սպասելի էր, որ ադրբեջանցի պատգամավորները «Եվրանեսթի» երևանյան վեհաժողովում խեղաթյուրելու են իրականությունը թե՛ Արցախյան առաջին պատերազմի հետևանքների, թե՛ ռազմագերիների հետ կապված։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նա կարծում է, որ ճիշտ կլիներ, որ հայկական պատվիրակությունը կատարեր աշխատանքի բաժանում, ցուցաբերեր համակարգված մոտեցում, որպեսզի ադրբեջանական մանիպուլյացիան կանխվեր։
«Շատ ճիշտ կլիներ, եթե պետությունը, իշխանությունը, ամբողջ քաղաքական համակարգը շատ լուրջ նախապատրաստվեին «Եվրանեսթի» նիստերին և հանդես գային միասնական հայկական օրակարգով, որում ամրագրված կլինեին կարևոր խնդիրները։ Մենք հաճախ հանրային բողոքը կապիտալիզացնում ենք փողոցային ակցիաներով, որոնք հաճախ արդյունավետ չեն լինում, քանի որ բաց ենք թողնում բովանդակային բաղադրիչը։ Հերթական անգամ գործ ունենք մի իրականության հետ, երբ հայկական կողմի փաստարկված դիրքորոշումները լսելի չեն դառնում ադրբեջանական կեղծ թեզերի հետևանքով»,– ասաց քաղաքագետը։
Ստում են, թե մենք ռազմագերիներ չունենք Ադրբեջանի բանտում․ Զոհրաբյան
Անդրադառնալով կոնկրետ ադրբեջանցի պատգամավորների երևանյան այցին` Սուրենյանցն ընդգծեց, որ եթե նույնիսկ միջազգային ֆորմատները չլինեն, միևնույնն է, հայերն ու ադրբեջանցիներն այս տարածաշրջանից որևէ տեղ չեն գնալու, մանավանդ որ Ռուսաստանի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների տրամաբանական շարունակությունը մի օր դառնալու է այն, որ նույնիսկ երկկողմ ֆորմատով փոխայցերը դառնան հնարավոր։

«Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող մեկուսի ապրել միջազգային հանրությունից, երկուսն էլ անդամակցում են բազմաթիվ միջազգային կառույցների, ուստի ստիպված ենք համակերպվել այն իրականության հետ, որ տարաբնույթ հարթակների նիստեր կարող են անցկացվել Բաքվում կամ Երևանում, ինչը ենթադրում է պատվիրակությունների փոխայցեր»,– ասաց քաղաքագետը։ Նա նկատում է, որ ադրբեջանցի պատգամավորների ներկայության առթիվ մարդկանց ցասումը հասկանալի է, ընկալելի է, որովհետև 44-օրյա պատերազմի դառը հետևանքները դեռ շատ զգայուն են։ Բայցևայնպես լայնախոհ հայացք ցուցաբերելով` պետք է ընդունել, որ կա միջազգային օրակարգ, որի շրջանակներում են գործում Հայաստանն ու Ադրբեջանը։

Սուրենյանցի դիտարկմամբ`հասարակության մեջ միշտ կարող են լինել խմբեր, որոնք միջազգային հարթակներում անցկացվող միջոցառումների ժամանակ հայտնեն իրենց դժգոհությունն այս կամ հարցի վերաբերյալ, և Հայաստանը բացառություն չէ։ Ըստ նրա` մեր հայրենակիցների պահանջներից շատերը, հատկապես Շուշիի ու Հադրութի, ինչպես նաև ռազմագերիների մասով, տեղին են, այդուհանդերձ ո՛չ ադրբեջանցի երկու պատգամավորները, ո՛չ էլ «Եվրանեսթի» երևանյան վեհաժողովը կոնկրետ այն հասցեատերերը չեն, որոնք պետք է այդ խնդիրները լուծեն։
Հիշեցնենք, որ փետրվարի 21-22-ին Երևանում կայացան «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու հանձնաժողների նիստերը։ Արևելյան գործընկերության երկրները ռոտացիայով են անցկացնում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստերը։ Հերթը Երևանինն էր։ Նիստերին մասնակցելու համար Երևան էին ժամանել նաև ադրբեջանցի պատգամավորներ Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամադովը։
Նրա այցի հետ կապված Երևանում 2 օր շարունակ բողոքի ակցիաներ անցկացվեցին։