ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությունը թույլ է տալիս ռազմական կամ խաղաղապահ ուժեր կիրառել միայն ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում, ուստի ՀԱՊԿ ուժերի գործուղումը Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական հանրապետություններ անհնար է: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդին։
«Ոչ, անհնար է, քանի որ, ինչպես գիտեք, ՀԱՊԿ-ի կանոնադրությունը խստորեն սահմանափակում է ռազմական կամ խաղաղապահ ուժերի կիրառումը։Դրանք կարող են օգտագործվել միայն ՀԱՊԿ տարածքում»,- երեքշաբթի օրը լրագրողներին ասել է Տլեուբերդին։
Նա հիշեցրել է, որ «վերջերս ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանելէ ԴԺՀ և ԼԺՀ խաղաղապահ զորակազմ ուղարկելու հնարավորության հարցը»:
«Ինչպես ասաց նա, դա հիպոթետիկ հարց է։ Այսինքն՝ դա գրեթե անհնար է։ Այնտեղ զորակազմ ուղարկելու հնարավորության համար, բնականաբար, պետք է բանաձև և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան մանդատը։ Բայց, ինչպես գիտեք, ՄԱԿ-ն ունի իր խաղաղապահ ուժերը, այդ պատճառով գործնական հարթությունում հարցն այլ կերպ է հնչում»,-պարզաբանել է Ղազախստանի արտգործնախարարը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստից հետո ուղերձով դիմել Է ՌԴ քաղաքացիներին, հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում որոշում ընդունել անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, քանի որ նրանք, ովքեր ընտրել են արյունահեղության, բռնության և անօրինականության ուղին, չեն ճանաչել և չեն ճանաչում Դոնբասի հակամարտության որևէ այլ լուծում, բացի ռազմականից: Դրանից անմիջապես հետո նախագահը Կրեմլում ստորագրել է հրամանագրեր՝ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին, ինչպես նաև օգնության պայմանագրեր:
ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն հանդես են եկել այս որոշման դատապարտմամբ։