ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հորդորել է Ուկրաինային «հրաժարվել անդրօվկիանոսյան տերերից»։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Որևէ երջանկություն նրանք չեն բերի», – նշել է Բելառուսի նախագահը։
Նա հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում հանրապետությունը նոր զորավարժությունների կանցկացնի Ռուսաստանի հետ։
«Պետք լինի նորը կանցկացնենք, սահմանի այն կողմում, ով և ինչպես էլ արձագանքի Ռուսաստանի հետ մեր համատեղ զորավարժություններին` կարևոր չէ։ Դա մեր ինքնիշխան իրավունքն է. մեր հողի վրա ցանկացած ժամանակ և ցանկացած կետում սովորել պաշտպանել ինքներս մեզ», – Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում Բելտա գործակալությունը։
Նա նշել է, որ միայն վերջին կես տարվա ընթացքում Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերը անցկացրել են «Արևմուտք-2021» և «Միութենական վճռականություն-2022» համատեղ զորավարժությունները։ Դրանք ցույց են տվել եղբայրական պետությունների բանակների բարձր պատրաստությունը։
«Ռուսաստանի հետ մենք շարունակելու ենք զարգացնել միության պաշտպանունակության բարձրացմանն ուղղված ռազմական համագործակցությունը», – ընդգծել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն հայտնել է նաև, որ Մինսկը չի դավաճանի Ռուսաստանին, ռուսներին Բելառուսի միջոցով մեջքից հարվածել չի հաջողվի։
«Բայց նրանք, ովքեր, նախևառաջ մեր երկրի արևմուտքում, սրում են սվինները, հիշեք. մենք երբեք դավաճան չենք եղել և չենք լինելու։ Եվ ինչպես նախատեսում եք մեր միջոցով ռուսներին մեջքից գնդակահարել, ձեզ մոտ չի ստացվի», – Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում Sputnik Բելառուսը։
Կիրակի Բելառուսի ՊՆ–ն հայտարարել էր, որ ռուս–բելառուսական միութենական պետության արտաքին սահմանի մոտ ռազմական ակտիվության աճի և Դոնբասում իրավիճակի սրացման հետ կապված երկու երկրների նախագահները որոշել են շարունակել Միութենական պետությունների արձագանքման ուժերի ստուգումը։
Միութենական պետությունների արձագանքման ուժերի ստուգումը Բելառուսի տարածքում երկու փուլ է ներառում։ Առաջին փուլում մինչև փետրվարի 9-ը տեղի ունեցան վերադասավորումներ ու կարճ ժամկետներում ստեղծվեցին զորախմբեր, իրականացվեց կարևոր պետական և ռազմական օբյեկտների պաշտպանություն, օդային տարածքում պետական սահմանի պաշտպանություն, ինչպես նաև ՀՕՊ հերթապահ ուժերի պատրաստության ստուգում։
Երկրորդ փուլում` փետրվարի 10-20-ը անցկացվեցին «Միութենական վճռականություն-2022» համատեղ զորավարժությունները, որոնց շրջանակում մշակվեցին գործողություններ ուղղված արտաքին ագրեսիայի կանխարգելմանն ու հետմղմանը, ինչպես նաև ահաբեկչությանը հակազդելուն և Միութենական պետությունների շահերի պաշտպանությանը։