ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի– Sputnik. Եվրասիական տնտեսական միությունում ստաժն ու կենսաթոշակային հատկացումները էլեկտրոնային եղանակով են հաշվարկվելու։ Տեղեկությունն այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա–Մինսկ–Երևան–Նուր-Սուլթան տեսակապի ժամանակ հայտնեց ԵԱՏՄ հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալթինայ Օմուրբեկովան:
Օմուրբեկովան հիշեցրել է, որ 2019 թվականի դեկտեմբերին ստորագրվել, իսկ այնուհետև երկրների մակարդակով վավերացվել է կենսաթոշակային ապահովման մասին ԵԱՏՄ համաձայնագիրը, որով միության անդամ պետությունների քաղաքացիների համար հաշվի է առնվում կենսաթոշակային ստաժը, որը կուտակվել է ԵԱՏՄ հինգ երկրներից որևէ մեկում:
«Այժմ այն պետությունները, որտեղ աշխատել է քաղաքացին, հաշվում են նրա ստաժն ու նրա օգտին փոխանցում են այն երկրին, որտեղ քաղաքացին կենսաթոշակ է ստանում։ Փոխանցումները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով՝ ԱՊՀ Միջպետական բանկի կամ Եվրասիական զարգացման բանկի միջոցով», - ավելացրեց նա։
Նշենք, որ խոսքը ապահովագրական կենսաթոշակի մասին է (այսինքն՝ աշխատանքային ստաժով)։ Այն չի ներառում կուտակային կենսաթոշակը, որը գործում է մասնավորապես՝ Հայաստանում։ Եթե Հայաստանի բնակիչը կենսաթոշակային կուտակումներ հավաքի հանրապետությունում աշխատելու տարիներին, բայց ինչ-ինչ պատճառներով ԵԱՏՄ այլ երկրում թոշակ ստանա, նա կկարողանա օգտվել նաև իր կենսաթոշակային կուտակումներից։