ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Մեծահասակ ազգաբնակչության համար ծավալված մահճակալային ֆոնդն այս պահին գրեթե ծանրաբեռնված է և ազատ տեղերը քիչ են։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Նաիրա Ստեփանյանը։
«Որպես կլինիցիստ կարող եմ ասել, որ պատվաստված ազգաբնակչությունը մեծ մասամբ թեթև է տանում կորոնավիրուսային հիվանդությունը և անգամ չեն հոսպիտալացվում։ Կորոնավիրուսի որևէ շտամով վարակված ու հոսպիտալացված անձանց մոտ հիմնականում բարդության տեսակները նույնն են եղել։ Անկախ շտամի տեսակից` հիմնականում եղել են թրոմբոէմբոլիկ հիվանդություններ, սուր սիրտանոթային, սուր շնչառական և գլխուղեղի ախտահարման բարդություններ»,– նշեց Ստեփանյանը։
Նրա խոսքով` բժիշկների համար ամենացավալին այն է, որ հիվանդությունն անկանխատեսելի է, կարող է զարգանալ ժամերի ընթացքում։
Մասնագետը նաև նկատեց, որ ազգաբնակչությունը փողոցում, սրճարաններում սկսել է ավելի հանգիստ վերաբերվել հիվանդությանը, սակայն ընդգծեց` դեռևս դրա իրավունքը չկա, քանի որ այն վարակիչ է, առաջացնում է բարդություններով ընթացող ծանր դեպքեր։
Հիշեցնենք, որ ՀՀ–ում արդեն շրջանառվում է նաև COVID-19 «Օմիկրոն» շտամի «BA.2» ենթատարբերակը, որն ավելի վարակիչ է, քան նախորդը ու, համաձայն մի շարք հետազոտությունների, կարող է հիվանդության ավելի ծանր ընթացք ունենալ։
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 753-ով, գրանցվել է մահվան 16 դեպք։