«Աղջիկներին էլ, սաղին տարեք». ոստիկանները ցրեցին ադրբեջանցի պատգամավորների դեմ ցույցը

Բողոքի ակցիային մասնակցելու համար բերման են ենթարկվել մեկ տասնյակից ավելի ակտիվիստներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ ՀՀ ոստիկանությունը քիչ առաջ ցրեց ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ ՀՅԴ երիտասարդական միության կազմակերպած բողոքի ակցիան։
Այն իրականացվում էր «Մարիոթ» հյուրանոցի առջև, որտեղ հյուրընկալվել են Հայաստան ժամանած ադրբեջանցի պատգամավորները։ ՀՅԴ ՀԵՄ–ը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ոստիկանության ծառայողները ուժ կիրառելով բերման ենթարկում ցույցի մասնակիցներին։
«Թուրքին պաշտպանողը թուրք է»,- բղավում են ցույցի մասնակիցները։
«Աղջիկներին էլ, սաղին տարեք»,- ոստիկաններից մեկի հրահանգն է լսվում տեսանյութում։
ՀՅԴ ՀԵՄ տարածած հաղորդագրության համաձայն՝ բերման են ենթարկվել տասնյակ երիտասարդներ։
Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 22-ին, Երևանում անցկացվեցին Եվրանեսթի նիստերը։ Արևելյան գործընկերության երկրները ռոտացիայով են անցկացնում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստերը։ Հիմա հերթը Երևանինն է։
Նիստերին մասնակցելու համար Երևան են ժամանել նաև 2 ադրբեջանցի պատգամավոր` Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։