Ադրբեջանը հայտնել է, որ 2022 թվականին պատրաստ կլինի Բերձորը շրջանցող ճանապարհը

28 կմ երկարությամբ ճանապարհը վեց գյուղ կմիացնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Բերձոր քաղաքի շրջանցմամբ կառուցվող ավտոմոբիլային ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև այս տարվա հուլիս։ Տեղեկությունն այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության վարչության նախագահ Սալեհ Մամեդովը:

«28 կմ երկարությամբ այս ճանապարհը կմիացնի Լաչինի շրջանի (Քաշաթաղի,–խմբ.) 6 գյուղերը։ Արդեն կառուցվել է 17 կմ երկարությամբ հատվածն ու կամուրջ Հակարի գետի վրայով։ Ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև այս տարվա հուլիս»,-ասել է Մամեդովը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ դրա ընդունումից հետո երեք տարվա ընթացքում պետք է որոշվի Արցախի ու Հայաստանի միջև կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որին հաջորդում է այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը:
2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: