«Սրտիկելը» «Տարվա բառ» առցանց քվեարկության լավագույն ութնյակում է, իսկ «առաջնագիծը» գլխավորում է ցանկը։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը` հավելելով, որ սա մեր հասարակության վիճակի ընդհանուր պատկերն է։
Լեզվի կոմիտեի իր կայքէջում տեղեկացրել էր, որ արդեն աշխարհի տասնյակ երկրներում որոշվում է «Տարվա բառը», և անցյալ տարեվերջին առաջին անգամ նախաձեռնեց հայերեն «Տարվա բառի» ընտրությունը։ Այս տարվա արդյունքները ներկայացնում ենք ստորև՝
Առաջնագիծ 15%-ը)։
Ապատեղեկատվություն (14%)։
Պատվաստանյութ (10%)։
Բարեվարքություն (8%),
Հայաստանակենտրոն (8%),
Սրտիկել (8%),
Լրաճարակ (7%)
Համավարակ (7%)։
Դավիթ Գյուրջինյանի կարծիքով` այս ութնյակը լիովին արտացոլում է հասարակության ներկայիս մտահոգություններն ու նախապատվությունները, իսկ ոչ այնքան գրական «սրտիկել» բառը մասնագետին անգամ ուրախացնում է, որպես երիտասարդության շրջանում լեզվի նորամուծությունների հանդեպ հետաքրքրության ցուցանիշ։
Խոսելով օտար լեզուներից փոխառությունների և պետության կողմից տարվող քաղաքականության համատեքստում դրանց հավանական ավելացման սպառնալիքի մասին` լեզվաբան Գյուրջյանը նշեց, որ պատմականորեն թուրքերենն իր ազդեցությունն է թողելմասնավորապես հայերենի բարբառների վրա և ոչ միայն։ Հայոց գրական լեզուն սկզբունքորեն մերժում է թուրքական փոխառությունները։
Նա հիշեցրեց, որ այսօր էլ ունենք բառեր, որոնց մի մասը գիտենք, որ չունեն հայկական ծագում, մյուսները՝ չգիտենք, սակայն օգտագործում ենք։ Լեզվաբանը նման երևույթը համարում է բնական, քանի որ միասին ապրող հարևան ժողովրդները բառեր տալիս-առնում են։ Նրա խոսքով` մի ժամանակ թուրքերը որոշել էին մաքրել իրենց լեզուն արաբական շերտից։ Արդյունքում` հայ և օտար հետազոտողները տեսան, որ բառերի զգալի մասը հայկական ծագում ունեն և մեր բարբառներից անցել են թուրքերենին։ Այդ մասին գրքեր կան, ոչ միայն հայերեն, այլև անգլերեն։ Գյուրջյանը նշում է, որ քոչվոր կյանքով ապրած ժողովուրդը նստակյաց կյանքի հասկացությունները պետք է վերցներ հարևաններից՝ հայերից, հույներից, ասորիներից, հրեաներից։ «20 բառ կա, որ գրական հայերենը ընդունել է թուրքերենից, դա աննշան թիվ է պարսկական կամ եվրոպական տասնյակ հազարավորներ փոխառությունների համեմատությամբ», - վստահեցնում է Գյուրջինյանը։
Ինչ վերաբերվում է հայերի կողմից սիրված «ջան» բառին, ապա այն հնդեվրոպական ծագում ունի, բայց, օրինակ, ռուսները ընկալում են որպես հայկական, քանի որ մենք յուրացրել ենք այն, և դա շատ բնական ընթացք է։ Այսօր մեր «մածունը» վիճարկվում է վրացական «մածոնիի» հետ։ Մասնագետը դա նույնպես բնական է համարում, քանի որ վրացիներն էլ մեզնից շատ բան են վերցրել, որովհետև հարևանների միջև այդ փոխներթափանցումները բնականոն են։ «Ժամանակն իր շտկումներն է անում, հիմա մեր շրջապատում «չյանգյալ» բառը օգտագործող չկա, մարդիկ զգում են, որ հայերեն խոսքի մեջ բառը ցցվում է և մերժում են»,–ասում է Գյուրջինյանը։
Մեր երկրի վարած արտաքին քաղաքականության արդյունքում այս բառամթերքի համալրման հավանականությունը հայերենագետը ընկալում է առանց ավելորդ մտավախության։ Բաց երկիր լինելով` մենք հազարավոր զբոսաշրջիկներ ենք հյուրընկալում, օրինակ, Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Իսկ վերհիշելով նախկին բազմազգ Թբիլիսին, ուր կողք-կողքի ապրում էին հայեր, վրացիներ, ադրբեջանցիներ, ռուսներ, հրեաներ` Գյուրջինյանը դրական է համարում լայնախոհ լինելու մոտեցումը։ «Մենք հմայվում ենք, երբ Բեյրութում հայերեն ցուցանակներ ենք տեսնում, նույնը ԻԻՀ- ում, ուր հայերն ազատորեն գործում են, որտեղ հայկականությունը պահպանվում է և կա պետական հոգածություն», - օրինակներ է բերում լեզվաբանը։
Այն հարցին, թե արդյոք, ի նշան փոխադարձ քաղաքավարության, առաջիկայում կանխատեսո՞ւմ են թարգմանություններ հարևան երկրների լեզուներով, մասնագետը խոսում է օրենքի լեզվով․ «Մեր օրենքը հստակ արձանագրում է, որ գրությունը պետք է լինի հայերեն և զուգակցվի այլ լեզուներով։ Այլ լեզուների մեջ իշխողը անգլերենն է, հետո՝ ռուսերենը, լինում է նաև պարսկերեն։ Օրինակ` Սյունիքի մարզի ճանապարհի ցուցանակները եռալեզու են։ Ի վերջո, չե՞նք թողնելու իրանցի հարևաններին ճանապարհի կեսին», - տարակուսանքով հարցնում է Գյուրջինյանը և հավելում, որ եթե հայերենը կա, մյուսը օրենքի խախտում չէ, ինչ լեզվով էլ որ լինի։
Անդրադարձ եղավ նաև վերջին շրջանում ավելի հաճախ աչքի ընկնող թուրքերեն լեզվի դասընթացների հրավերներին։ Բացի տարածված` «թշնամու լեզուն պետք է իմանալ» ասույթից, մասնագետը նկատում է մեր մեջ առաջացած անբացատրելի վախն ու հստակ հարցադրում ուղղում․ «Բայց չիմանանք ի՞նչ են խոսում մեր մասին գաղտնի ծառայությունները, ազգային անվտանգությունը»։ Հիշեցման կարգով ասում է, որ ԵՊՀ-ում տասնամյակներ շարունակ կա թուրքերենի բաժին, բայց մասնագետները, դժբախտաբար, անգործ էին մնում։ Մինչդեռ, գործունեության ասպարեզ պետք է ունենային՝ հետևեին լրատվությանը, մամուլին։ Հսկայական անելիքներ կան, իսկ հիմա՝ առավել ևս։
Արտաքին գովազդի շուրջ անվերջանալի խնդիրները կոմիտեի մշտապես ուշադրության և վերահսկողության կենտրոնում են։ Լեզվական աղավաղումները, ինչպիսիք են ժողովրդախոսակցական դարձվածքները՝ «Դու կարաս», «Կրիր, որ կրենք» արհեստավարժության պակասի, կամ էլ, ինչն ավելի վատ է, միտումնավոր ինքնատիպ, արտասովոր երևալու հետևանք են։ Խնդրի լուծումը բարդ է, նման դեպքերում տուգանք չի հասնում, քանի որ ըստ օրենքի` արգելք չկա հայատառ, բայց ոչ գրական հայերենով գրություններին՝ կարևորը հայերեն է։