ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Երևանի տարբեր վարչական շրջաններում ինչ-որ մարդիկ մեքենաների թափքերից թռչնամիս են վաճառում շենքերի բակերում և փողոցներում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը և նշում, որ խնդրի վերաբերյալ մի շարք ահազանգեր են ստացել։
«Նախ տեղեկացնում ենք, որ այդ թռչնամիսը կարող է վտանգավոր լինել ձեր առողջության համար՝ դրանց նկատմամբ որևէ վերահսկողություն չի իրականացվել, և հորդորում ենք ոչ մի դեպքում այն չգնել»,-նշված է հաղորդագրության մեջ:
Տեսչական մարմնից հորդորում են թռչնամսի ապօրինի վաճառքը նկատելու դեպքում այն վաճառող անձանց, նրանց մեքենայի մասին տվյալները՝ մակնիշը, պետհամարանիշը, տրամադրել ՀՀ ոստիկանությանը, Երևանի քաղաքապետարանին և վարչական շրջաններին՝ թեժ գծերի միջոցով:
Քաղաքացիները կարող են դիմել նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին՝ 010-206040 կամ 012-906090 հեռախոսահամարներով: